Մամուլ

Ո՞ւմ թեկնածությունն է քննարկվում Առողջապահության նախարարի պաշտոնի համար

Ո՞ւմ թեկնածությունն է քննարկվում Առողջապահության նախարարի պաշտոնի համար

Armdaily.am-ը գրում է. Իշխանության վերնախավում կադրային փոփոխությունները շարունակվելու են։ Հաջորդիվ քննարկվում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը։

Թեեւ կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի պատճառով՝ բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ ֆլեշմոբ էին սկսել, պահանջում էին նախարարի հրաժարականը, սակայն դա այս պայմաններում այդքան էլ հեշտ չէ։

Կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության կնքահայրը Արսեն Թորոսյանն է, իսկ այդ ռազմավարության հետ ոլորտի բազմաթիվ պրոֆեսիոնալներ այդքան էլ համաձայն չեն եւ քանիցս թե հրապարակային, թե կուլիսներում ներկայացրել են իրենց անհամաձայնությունները։

Ուստի՝ իշխանությունների համար դժվար է գտնել մասնագետ, ով կհամաձայնի այս իրավիճակում ստանձնել պատասխանատվություն եւ փորձի կանգնեցնել վարակի տարածման տեմպը։

Հետեւաբար՝ Թորոսյանը կհեռանա այն ժամանակ, երբ կորոնավիրուսը վերացած լինի կամ գոնե կայուն վերահսկողության պայմաններում, քանզի վերանալու մասին ընդհուպ մինչեւ հինգ տարի ժամկետ են նշում։

Այսպիսով՝ կհամարվի, որ Թորոսյանը իր առաքելությունը ավարտել է, եւ քանի որ կորոնավիրուսի պայքարում բազմաթիվ սխալներ, բացթողումներ են եղել՝ հեռանում է, միեւնույն ժամանակ՝ շնորհակալություն են հայտնում վիթխարի աշխատանքի համար։

Մեզ անգամ հայտնի է դարձել, թե ում թեկնածությունն է քննարկվում այս պաշտոնի համար։ Իշխանական վերնախավը Առողջապահության նախարարի պաշտոնի համար դիտարկում է հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդու՝ բժիշկ-միկրովիրաբույժ Արամ Սահակյանի թեկնածությունը։

Նա ղեկավարում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը, ինչպես նաեւ աշխատում է ԵՊԲՀ-ի Առաջին կլինիկական հիվանդանոցում:

Կիսվել