Ազատ խոսք

2005 թվականից սկսած զինծառայողներին անօրինական կերպով չի վճարվել արձակուրդայինների ողջ գումարը. Լուսինե Հարոյան

2005 թվականից սկսած զինծառայողներին անօրինական կերպով չի վճարվել արձակուրդայինների ողջ գումարը. Լուսինե Հարոյան

«Հարգելի քաղաքացիներ, ինձ են դիմել պահեստազորի զինծառայողների նախաձեռնող խմբից և խնդրել բարձրաձայնել շատ ցավոտ հարց:

Հրավիրում եմ բոլոր ընկերներիս, լրատվականների և լրագրողների ուշադրութունը ևս:

Ճիշտն ասած, ես ապշեցի` իմանալով թե ինչ սարսափելի անարդարություն է գործում մեր զինվորականների և ուժային կառույցների աշխատողների հանդեպ 2005 թվականից ի վեր, որը շարունակվում է մինչ օրս:

Այս խնդրի լուծումը պիտի դառնա բոլորիս համար շտապ հրամայական:
2005 թվականից սկսած զինծառայողներին և ուժային կառույցների աշխատողներին անօրինական կերպով չի վճարվել արձակուրդայինների ողջ գումարը, և պետությունը նրանց պարտք է մոտ 150 միլիոն դոլլար գումար: Այդ գումարները բյուջեից հանվել են, ուղղակի ճանապարհին մտել են ոմանց գրպանները և չեն հասել հասցեատերերին:

Սա նշանակում է, որ գործել է մի հրեշավոր կոռուպցիոն սխեմա, և մինչ պայմանագրային զինծառայողը կանգնել է սահմանին, որոշ իզվերգներ նրա արձակուրդայինը բաժան-բաժան են արել:

Եվ այս կառավարությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ շատ լավ տեղյակ է ու հրաշալի գիտե այս հրեշավոր կոռուպցիոն սխեմայի մասին, բայց որևէ քայլ չի ձեռնարկում ոչ հանցագործներին պատժելու, ոչ էլ զինվորականների և ուժային կառույցների աշխատողների համար արդարությունը վերականգնելու:

2017 թվին օրենքում փոփոխություն է եղել, որ պետությունը պիտի վճարի զինվորականի միայն վերջին երկու տարվա արձակուրդայինը, անկախ նրանից թե պարտք է զինվորականին 10 թե 15 տարվա արձակուրդային: 2018 թվին ՍԴ-ը հակասահմանադրական ճանաչեց այդ օրենքը, բայց այս իբր «հեղափոխական» իշխանությունը շարունակում է գործել Սերժի ժամանակ ընդունած հակասահմանադրական օրենքով:

Ավելին, այն զինվորականները, որոնք մի քանի տարվա դատական քաշքշուկից հետո հասել են արդարության, և կա դատարանի վճիռ իրենց հասանելիք արձակուրդայինը ստանալու, այս «զինվորի հաց չուտող» կառավարությունը լկտիաբար արհամարհում է դատարանի վճիռը և ստիպում է նրանց դիմել ԴԱՀԿ: Պարզ է չէ՞, որ տույժեր ու տուգանքներ են ավելանում, որոնք էլ վճարում ենք մենք` հարկատուներս:

Հիմա ես մի քանի հարց եմ ուղղում ձեզ, Նիկոլ Փաշինյան.

1.Էդ որ շաբաթը մեկ բարձրաձայն հայտարարում եք, որ երկրում կոռուպցիա չկա, հիշում ե՞ք այս մասին ու, հետաքրքիր է, գեթ մեկ վայրկյան ամաչու՞մ եք, թե իսպառ կորցրել եք մարդկային այդ շատ կարևոր հատկանիշը:

2. Էդ, որ ռեստորանատերը Արցախում հդմ չէր տվել, դուք էլ հուզվել էիք, եկել, հանգել էիք նրան, որ զինվորի հացն է կտրում, այդ պահին հիշե՞լ եք սահմանին կանգնած զինվորի մասին, որի օրենքով հասանելիք հացը ուղղակիորեն կտրում եք, թե՞ ձեր թափն ու «բարոյականությունը» հերիքում է միայն ֆեյսբուքյան էջ վարելուն ու էժանագին ներկայացումներ սարքելուն:

3. Դուք ինչո՞վ եք տարբերվում ձեր ասած նախկիններից` ձեր դիմաց դրված է պարզ ու հրեշավոր կոռուպցիոն փաստ, սա ամենալավ առիթն է «ասֆալտին փռելու» ու «պատերին ծեփելու», թե՞ ձեր հակակոռուպցիոն գործունեությունը սահմանափակվում է միայն ֆեյսբուքում հոխորտալով:

4. Արդյո՞ք նման վերաբերմունքը չի նշանակում, պարոն Նիկոլ Փաշինյան, որ դուք եկել եք իշխանության հանցավոր համակարգի հետ գործարքի արդյունքում և միանգամայն թքած ունեք այս ամենի վրա, որ դուք մտահոգ եք միայն ձեր և ձեր տարօրինակ թիմի անձնական բարեկեցության համար, որ դուք թքած ունեք մեր երկրի անվտանգության վրա, բանակի վրա, զինվորականների վրա, ուժային կառույցների վրա, այդ պատճառով էլ ձեզ բոլորովին չի հուզում այս խնդիրը:
Դե հիմա հերքեք, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, հերքեք և ասեք, որ դա այդպես չէ, թե՞ էլի խուլ ու կույր եք ձևանալու:

Հիմա դառնամ մեզ, հարգելի հայրենակիցներ, մենք իրավունք ունե՞նք խաղաղ կյանքի, իրավունք ունե՞նք զինվորից պահանջել պահել մեր սահմանը, եթե հանդուրժում ենք նման սարսափելի վերաբերմունք ու անարդարություն նրա հանդեպ:

Մենք պատրաստ ե՞նք պայքարել մեր զինվորի համար, թե՞ մեր հայրենասիրությունը սահմանափակվում է զինվորի մասին սիրուն գրառումներ անելով:

Մենք ուզու՞մ ենք մեր երկիրը փոխել, թե՞ մեր ցանկությունն ընդամենը որոշ անձանց հազալու վրա «բոցեր» անելն է ու չարախնդալը»:

Կիսվել