Ազատ խոսք

Առաջնահերթությունը տրվում է տաքուկ գրասենյակում աշխատող պաշտոնյաներին, ոչ թե դիրքապահ զինծառայողներին․ Գորգիսյան

Առաջնահերթությունը տրվում է տաքուկ գրասենյակում աշխատող պաշտոնյաներին, ոչ թե դիրքապահ զինծառայողներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Վերջին օրերին ինձ և գործընկերներիս ահազանգում են, որ դիրքապահ պայմանագրային զինծառայողները ստացել են ընդամենը 4 000 դրամ պարգևավճար:

Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարությունն ամենաբարձր մակարդակով ամեն առիթով խոսում է առաջնահերթությունները չշփոթելու մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ առաջնահերթությունների առաջնահերթությունը տրվում է երկրի անվտանգությանը և բանակին:

Նշեմ, որ այս առիթով ՀՀ ՊՆ-ն ևս հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի 3-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր մարմնի համար պարգևատրման ֆոնդը կազմվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի միջոցներից:

ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով զինված ուժերում զինծառայողներին միանվագ գումարով պարգևատրելու նպատակով սահմանվել է համապատասխան խրախուսման ֆոնդ և հատկացվել զորամասերին:

Ուսումնական տարվա արդյունքներով, համաձայն «Կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի դրույթների` տարվա ընթացքում իրականացվել է լավագույն զինծառայողների խրախուսումը:

«Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն` զինծառայողները կարող են պարգևատրվել նաև աշխատավարձի տարեկան ֆոնդի տնտեսված միջոցներից, ըստ որի, լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողների քանակական համամասնությամբ, խրախուսման կարգով, իրականացվել են նշված պարգևատրումները»։

Ստացվում է, որ առաջնահերթությունը տրվում է իրենց տաքուկ գրասենյակում աշխատող, մի քանի հարյուր հազար դրամ պարգևավճար ստացող պաշտոնյաներին, ոչ թե դիրքապահ զինծառայողներին ու նրանց ընտանիքներին, ովքեր իսկապես արժանի են խրախուսանքի և պարգևատրման:

Այսպե՞ս ենք գնահատում առաջնահերթությունները, պարոնայք»:

Կիսվել