Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանին՝ պահանջելով վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 24-ին Սամսոնյանը գրել էր, որ Միրզոյանն իր ծննդյան օրվա առթիվ մերձավորների հետ խաշ ուտելու է գնացել և 290 հազար դրամ հաշիվ փակել, ինչը, նրա խոսքով, չի կարող իրեն թույլ տալ սովորական աշխատավարձով ապրող մարդը: Գրառման մեջ Սամսոնյանը Միրզոյանին անվանել էր «պլանքյաշ»:
«Մեր «համեստ», ապառիկները չփակելու հետևանքով սև ցուցակներում հայտնված Արարատը իր մերձավորներին (26-28 հոգու) տանում ա խաշ ուտելու ու երևանյան ռեստորաններից մեկում միանգամից 290.000 դրամի հաշիվ ա փակում:
Տիկնայք և պարոնայք, մեր գեղցիները այ սենց կայֆերի մեջ են ու էդ նրա համար, որ դուք հասկանաք, որ չտես, աչքակապ ու անկուշտ գեղցիներին իշխանություն տալ չի կարելի:
Այ, երբ սա կհասկանաք էդ ժամանակ Միրզոյան Արոն նորից կվերադառնա իր մի քանի հարյուր հազար աշխատավարձին ու նորից նույն համեստ ու ամաչկոտ պլանքյաշ տղեն կդառնա, իսկ մինչև էդ դուք սովից զկռտացեք, իսկ Արարատը թող 290 հազար դրամի խաշ պատիվ տա»,- գրել է Նարեկ Սամսոնյանը:
Նշենք, որ Միրզոյանը պահանջում է նաև նախապես վճարված պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումարների բռնագանձում։