ՀՀ վարչապետը ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ վարող քաղաքական լիդերների տասնյակում է
ՀՀ վարչապետը ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ վարող քաղաքական լիդերների տասնյակում է։
«Twiplomacy» միջազգային կայքը, որը հետազոտում է սոցիալական կայքերի օգտագործումը գրեթե բոլոր պետությունների ղեկավարների ու միջազգային կազմակերպությունների կողմից, ի թիվս այլ երկրների ղեկավարների, անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվությանը Ֆեյսբուքում։
Ինչպես հայտնի է, վարչապետի գրեթե բոլոր հանդիպումները հեռարձակվում են Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում, պարբերաբար էջում հայտնվում են սելֆիներ՝ արված այս կամ այն քաղաքական առաջնորդի հետ կամ որեւէ իրադարձության վայրից, բացի այդ՝ հաճախակի տարվող «զրույցները քաղաքացիների հետ»՝ տարատեսակ հարցերի շուրջ:
«Աշխարհի առաջնորդները Ֆեյսբուքում» վերնագրով հոդվածում նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվ ֆեյսբուքյան էջն ունեցող քաղաքական լիդերների տասնյակում է՝ աշխարհի մասշտաբով։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ կառավարության գործունեության մասին պատմում է իր հետևորդներին՝ Ֆեյսբուքի միջոցով ուղիղ եթեր անելով հենց մեքենայի միջից կամ էլ իր գրասենյակից։ Գուցե հեռարձակման որակը լավագույնը չէ, բայց վարչապետի այս անմիջական կապը սիրվել է հետեւորդների կողմից, եւ նա հայտնվել է աշխարհի մասշտաբով ամենաակտիվ ֆեյսբուքյան էջն ունեցող քաղաքական լիդերների տասնյակում»,- ասվում է հոդվածում։
Ֆեյսբուքում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակը գլխավորում է Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուն, նրան հաջորդում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, այնուհետ՝ Հնդկաստանի առաջնորդ Նարենդրա Մուդին, Պաղեստինի ղեկավար Իմրան Խանը, Ինդոնեզիայի նախագահ Յոկո Վիդոդոն, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ԱՄՆ Սպիտակ տան ֆեյսբուքի էջը, Կամբոջայի ղեկավար Սամդեհ Հուն Սենը, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարքեզը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։