Երևանում թալանել են դպրոցներից մեկի տնօրենին. տարել են 5 հազար դոլար և թանկարժեք զարդեր
Երևանում թալանել են թիվ 138 միջնակարգ դպրոցի տնօրեն Լուիզա Հովհաննիսյանի բնակարանը։ Տարել են մոտ 5 հազար դոլար և ոսկյա թանկարժեք զարդեր: Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բնակարանային գողության փաստով:
Նոյեմբերի 18-ին անհայտ անձը կամ անձինք ժամը 09:15-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ Մարգարյան 1-ին նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով մտել են ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննչական բաժնի քննիչ Խաչատրյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանը պատկանում է Լուիզա Հովհաննիսյանին, ով աշխատում է թիվ 138 միջնակարգ դպրոցում տնօրեն, իսկ նրա տանից հափշտակել են մոտ 5 հազար դոլար և ոսկյա թանկարժեք զարդեր:
Աղբյուր՝ shamshyan.com