Մամուլ

«Մենք պետք է օգնենք նրանց բացել թևերն ու թռչել երազանքի հետևից․ Շնորհավոր Երեխաների համաշխարհային օրը»․ Հայկ Մարության

«Մենք պետք է օգնենք նրանց բացել թևերն ու թռչել երազանքի հետևից․ Շնորհավոր Երեխաների համաշխարհային օրը․․․»։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր նշվում է երեխաների իրավունքների պաշտպանության համընդհանուր կոնվենցիայի ընդունման 30-ամյակը.

Սիրելի բարեկամներ, մանկությունը մեր կյանքի ամենակարևոր ժամանակաշրջանն է: Դա այն հիմքն է, որի վրա կառուցվում է մեր հետագա ամբողջ կյանքը՝ մեր աշխարհայացքը, մեր աժեքները, ձևավորվում են գեղեցիկի, լավի, կարևորի մասին մեր պատկերացումները:

Այսօր նշվում է երեխաների իրավունքների պաշտպանության համընդհանուր կոնվենցիայի ընդունման 30-ամյակը, փաստաթուղթ, որը վերջին տասնամյակներին չափազանց կարևոր դեր է խաղացել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Այնուհանդերձ, փոփոխվող աշխարհը շարունակաբար նորանոր մարտահրավերների առաջ է կանգնեցնում մեր երեխաներին, որոնց դիմակայելը մեր ամենօրյա աշխատանքն ու գերնպատակը պետք է լինի:

Երևան համայնքը հանձնառու է կազմակերպել լավագույն պայմանները մեր քաղաքում ապրող երեխաների համար: Մեր ծրագրերի մի զգալի մասը նվիրված է նախադպրոցական կրթության որակի բարձրացմանը, արվեստի ու սպորտի համայնքային դպրոցներում պայմանների բարելավմանը, բակային տարածքները երեխաների համար ավելի հարմար ու անվտանգ դարձնելուն:

Մեր բոլորիս ու հատկապես՝ հանրային որոշումներ կայացնող անձանց առաջնահերթ խնդիրն է՝ ավելի անվտանգ, ավելի մաքուր ու ավելի ապահով միջավայր ստեղծել ամեն մի հաջորդ սերնդի համար: Մենք պետք է հնարավորինս հետաքրքիր ու հարուստ ներկապնակ տանք երեխաներին՝ իրենց կյանքի գույներն ստեղծելու համար, մենք պետք է օգնենք նրանց բացել թևերն ու թռչել երազանքի հետևից: Շնորհավո՜ր Երեխաների համաշխարհային օրը»:

Կիսվել