Շոու-բիզնես

«Քաղաքականությամբ զբաղվելն այդքան հետաքրքիր չէ. եկեք յուրաքանչյուրս մեր գործով զբաղվենք». Արսեն Սաֆարյան

«Քաղաքականությամբ զբաղվելն այդքան հետաքրքիր չէ. եկեք յուրաքանչյուրս մեր գործով զբաղվենք»: Երգիչներ Արսեն Սաֆարյանն ու Նարեկ Բավեյանն այս փուլում մարզային ակտիվ շրջագայությունների մեջ են: Երգիչների համատեղ համերգային արշավը մեկնարկել է Նարեկի ծննդավայր Վեդիից, որտեղ միասին հանդես գալուց հետո Արսենն ու Նարեկը որոշել են համերգները տեղափոխել նաեւ Հայաստանի այլ մարզեր ու քաղաքներ: Բացի Վեդիից՝ երգիչները հասցրել են լինել նաեւ Գավառում, Վարդենիսում, Ստեփանավանում եւ Ալավերդիում: Առջեւում համերգներ են սպասվում Սպիտակում (նոյեմբերի 9), Նոյեմբերյանում (նոյեմբերի 11), Չարենցավանում (նոյեմբերի 15) եւ Արսենի ծննդավայր Հրազդանում (նոյեմբերի 30):

Մարզերում հանդես գալու մտահաղացման, հանդիսատեսի արձագանքի եւ այսօրվա երաժշտական ճաշակի մասին NEWS.am STYLE-ը զրուցել է Արսեն Սաֆարյանի հետ:

Երգիչն անդրադառնալով մարզերում ելույթներով հանդես գալուն՝ նկատեց, որ նմանատիպ շրջագայություններն իր համար նոր չեն.

«Դեռ 2004 թ-ից շատ շրջագայություններ եմ ունեցել մարզերում: Դա առաջին փուլն էր, որից հետո շարունակվեց նաեւ 2008-ին, իսկ երրորդ փուլի մեկնարկը տրվեց անցած տարի: Ասեմ, որ այդ փուլերը շատ տարբեր են իրենց բնույթով, բայց յուրաքանչյուր երգչի համար շատ կարեւոր է անմիջական շփումը հանդիսատեսի հետ: Շատ համերգներ ենք ունեցել 2018-ին, իսկ այս տարի արդեն մնացել է հինգ համերգ: Ամեն ինչ սկսվեց Վեդիից, երբ միտք ծագեց, որ այնտեղ համերգ ունենամ. ելույթ ունեցանք Նարեկ Բավեյանի հետ, եւ այդտեղի համերգից հետո սկսեցինք միասին շրջագայություններով հանդես գալ: Պետք է նշեմ, որ այդպես շատ ավելի հետաքրքիր է, ավելի բազմաժանր են երգերը, հանդիսատեսը տարբեր երգեր է լսում եւ չի հոգնում: Նույնիսկ, եղել են դեպքեր, որ դահլիճներում ցուրտ է եղել, բայց այնքան ջերմ մթնոլորտ է տիրել, որ դա չի զգացվել եւ վերջում հանդիսատեսը ափսոսանք է հայտնել, որ համերգն ավարտվում է»:

Երգիչը ոգեւորությամբ է նշում՝ ամեն մարզում ստանում են հետաքրքիր էմոցիաներ եւ ջերմ վերաբերմունք.

«Մենք՝ ինքներս էլ այդ համերգներից հետո շատ բան ենք սովորում: Կուզեի, որ ավելի ակտիվ լինեին, որովհետեւ կարծում եմ՝ քաղաքականությամբ զբաղվելն այդքան հետաքրքիր չէ, ավելի հետաքրքիր է գնալ համերգների (ժպտում է): Վերջերս բոլորս քաղաքագետ ենք դարձել, ինչը տհաճ երեւույթ է: Եկեք յուրաքանչյուրս մեր գործով զբաղվենք եւ թեթեւ ապրենք»:

Հարցին՝ որտեղ է ավելի շատ ջերմություն ստանում՝ Երեւանո՞ւմ, թե՞ մարզերում, Արսենը պատասխանեց.

«Ես, առհասարակ, համաձայն չեմ, երբ հանդիսատեսին սկսում են բաժանել, դասակարգել: Նույնիսկ, համաձայն չեմ, երբ ասում են՝ «իմ հանդիսատեսը»: Ինձ համար հանդիսատեսը մեկն է: Խնդիրը նրանում է, թե տվյալ արտիստը որքանով է կարողանում դեպի իրեն գրավել հանդիսատեսին, բայց առանձնացնել պետք չէ: Կարծում եմ, որ մենք այն տեսակն ենք, որ յուրաքանչյուր ուղղվածության մեջ, երբ ճաշակով բան ենք լսում, դա մեզ գրավում է: Հիմա այդպես եմ մտածում, չգիտեմ՝ տասը տարի հետո ինչ կմտածեմ, բայց 20 տարվա իմ գործունեության ընթացքում եկել եմ այդ եզրակացությանը»:

Արսեն Սաֆարյանն այն երգիչներից է, որը մինչ օրս թողարկում է այնպիսի երգեր, որոնք կարճ ժամանակում դառնում են հիթեր: Երգիչը նկատել է՝ հանդիսատեսը նույն էմոցիաներով է լսում թե´ իր հին, թե´ նոր ստեղծագործությունները.

«Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ այն երջանիկ երգիչներից եմ, որը մինչեւ այսօր կարող է երգել 20 տարվա երգ եւ տեսնել մարդկանց մեջ մեծ  խանդավառություն, եւ կարող եմ երկու տարի ոչինչ չգրել, երրորդ տարում մի երգ գրել ու դա կրկին ընդունվի հասարակության կողմից: Փառք Աստծո, որ այդպես է, ես շատ ուրախ եմ դրա համար: Ես ոչ թե հպարտանում եմ դրանով, այլ անչափ ուրախանում ու դողում եմ այդ ամենի համար, որովհետեւ դա շատ թանկ երեւույթ է երգչի կյանքում: Հիմա էլ ունեմ նոր երգեր. շատ երգեր եմ գրել, որոնք դեռ հասանելի չեն հանդիսատեսին, բայց շուտով դրանք հերթով կներկայացնեմ: Հիմա, միաժամանակ, երեք երգի վրա եմ աշխատում, որոնք շատ տարբեր են միմյանցից, բայց հուսով եմ՝ լավ կընդունվեն հանդիսատեսի կողմից»:

Արսենի հետ զրուցեցինք նաեւ հայկական երաժշտաշուկայի ամենաքննարկվող կողմերից մեկի՝ շատերի կարծիքով ցածրորակ եւ կոմերցիոն երաժշտության պահանջարկի մասին: Արդյոք դա հանդիսատեսի պահա՞նջն է, եւ ինչո՞ւ են հեռուստաալիքները հեռարձակում նման երգեր.

«Բոլորը հիմա սկսել են հարսանեկան երգեր երգել, եւ դա գաղտնիք չէ: Ինչո՞ւ, որովհետեւ համերգներ չկան, եւ մարդիկ ուզում են գումար վաստակել՝ հարսանիքներով կամ անձնական միջոցառումներով: Ես չեմ կարող մեղադրել ոչ ոքի, դա իրենց գործն է, իսկ երկրորդ հարցը պետք է տալ նրանց, ովքեր այդ ամենը եթեր են տալիս, որպեսզի հեռուստաալիքի ռեյթինգը բարձրանա»,-պատասխանեց նա:

Աղբյուր՝ style.news.am

Կիսվել