Ազատ խոսքՄամուլ

«Ryanair-ի հետ բանակցությունները տարվում էին դեռևս հին իշխանության օրոք, այստեղ Ռևազյանի ներդրումը չկա». Լապշին

Ryanair-ի հետ բանակցությունները տարվում էին դեռևս հին իշխանության օրոք, այստեղ Ռևազյանի ներդրումը չկա․ Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է եվրոպական ամենամեծ իռլանդական բյուջետային ավիաընկերության մուտքին հայկական շուկա՝ Ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։

«Ամբողջ համացանցն այսօր քննարկում է, թե ինչ հիանալի աղջիկ է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, որ կարողացավ «համոզել» Ryanair-ին գալ Հայաստան: Ինչպիսի անհեթեթություն: Ի՞նչ կապ ունի այդ աղջիկը: Ընկերնե՛ր, հարցն ախր Տաթևիկ Ռեվազյանի՝ ավիաընկերությունների հետ պայմանավորվելու կարողությունը չէ: Հարցն այն էր, որ պետությունը վերացնի ավիաընկերությունների համար օդանավակայանում բոլոր վճարները, որպեսզի նրանք համաձայնեն թռիչքներ կատարել Հայաստան։

Այսօր վճարները մեկ ուղևորի համար, կազմում են 76 դոլար, և այդ վճարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ իր վրա է վերցրել պետությունը: Այդ ամենն ինձ ասել է անձամբ Փաշինյանը՝ դեռ 2018-ի ամռանը՝ ավելի քան մեկ տարի առաջ:

Բայց այսօր քչերն են հիշում, որ դեռ Սերժ Սարգսյանի օրոք՝ 2015-ին, Ryanair-ը հստակ դրել էր իր պայմանները՝ վճարումները վերցրեք ձեզ վրա, և մենք կգանք Հայաստան: Չեք վերցնի՝ չենք գա: Շատ պարզ ու հստակ։

Ryanair-ի և Wizzair-ի հետ բանակցությունները տարվում էին դեռևս Սերժ Սարգսյանի օրոք, «Տաթևիկից շատ առաջ», պարզապես հին իշխանությունը հրաժարվեց յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլար վճարը վերցնել բյուջեից: Դրա համար էլ Ryanair-ը չեկավ: Առանց բյուջեի գումարների՝ Քաղավիացիայի նախկին նախագահը ոչինչ չէր կարող անել:

Երբ Հայաստանի բյուջեից տարեկան ավելի քան 5 միլիոն դոլար տրամադրվեց այս վճարների համար, Ryanair-ը միանգամից համաձայնեց: Տաթևիկն ուղղակի գնացել է Եվրոպա և հայտնել է նրանց Նիկոլ Փաշինյանի որոշման մասին: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ այս ավիաընկերության գալու մեջ Տաթևիկ Ռևազյանի ներդրումը չկա: Սա բացառապես Փաշինյանի որոշումն էր, և սա բյուջետային գումարներ են»,- գրել է նա:

Կիսվել