Հայկ Մարությանը ամբողջությամբ խզեց «Սանիթեքի» հետ պայմանագրերը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ամբողջությամբ խզել է «Սանիթեքի» հետ պայմանագրերը: Այս մասին Հայկ Մարությանը հանդես է եկել հրապարակային ուղերձով, որտեղ, մասնավորապես, նշել է.
«Սիրելի երևանցիներ, ինչպես գիտեք, 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունն սկսել է թերանալ աղբահանության գործում: Այս թերացումներն ահագնացել են 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019-ի սեպտեմբերը:
Վերջ նշված փաստերը մեզ ստիպեցին ուսումնասիրել՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով է կատարում իր կողմից կնքված պայմանագրերի բոլոր կետերը, և ընդհանրապես, ստուգել այդ պայմանագրերի կնքման օրինականությունը:
Այս հանգամանքները պարզելու համար 2019-ի հուլիսից իմ հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն սկսել են «Սանիթեք» ընկերության տեխնիկայի, ինչպես նաեւ գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունն ու գույքագրումը: Այն ավարտվել է օրեր առաջ եւ մենք այս պահին ունենք ամբողջական պատկերը:
Ելնելով վերը նշվածից եւ հաշվի առնելով
1․Աղբի սիստեմատիկ չհավաքման փաստերը
2․Աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը, շահագործվող աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք միասին վերցրած անհնար են դարձնում պայմանագրով սահմանված պահանջներին եւ ժամկետներին համապատասխան ծառայությունների մատուցումը,
3․2019 թվականի օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը,
4․Պայմանագրերով նախատեսված ապահովագրության պայմանագրերի բացակայությունը,
5․Գնումների մասին օրենսդրությամբ մասնագիտական փորձառություն եւ ֆինանսական միջոցներ, որակավորման չափանիշների սխալ գնահատումը պայմանագրերի կնքման ժամանակ, որոնք արձանագրված են իմ կողմից տրվող ծանուցման մեջ:
Հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները եւ ղեկավարվելով Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով, սույնով ամբողջությամբ միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը»: