Նոր ատրակցիոն Հայաստանի մայրաքաղաքում. Երևանից կարելի է թռչել «տիեզերք». տեսանյութ, լուսանկար
Նոր ատրակցիոն Հայաստանի մայրաքաղաքում. Երևանից կարելի է թռչել «տիեզերք»։ Հրազդանի կիրճում գործարկվել է Հայաստանում VR (վիրտուալ իրականություն) տեխնոլոգիաների գործարկմամբ առաջին զիփլայնը։
Մի կողմից, VR–ակնոցը թույլ է տալիս հաղթահարել թռիչքից առաջ վախի զգացողությունը` սկզբում Հրազդանի կիրճն վրայով անցնել վիրտուալ եղանակով։ Մյուս կողմից` այդ ակնոցը հնարավորություն է տալիս այլ սցենար ներբեռնել, որն ավելի պահանջկոտ այցելուների համար սուր զգացողություններ կավելացնի ։
Առայժմ առկա է միայն «աստղային պատերազմների» սցենարը։ Թռիչքի ժամանակ ձեր առջև կբացվի պորտալ, որը կտեղափոխի տիեզերանավերի պայքարի էպիկենտրոն։ Հանուն արդարության պետք է նշել, որ գրաֆիկայի և սցենարի վրա դեռ պետք է աշխատել։
Yerevan ZipLine Airlines–ի համահիմնադիր և տնօրեն Ժիրայր Մուշեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Arloopa ընկերության հետ միասին բացառիկ պրոդուկտ են մշակել Հայաստանի համար։
«Ցատկին զուգահեռ դնելով վիրտուալ իրականության ակնոցը` այցելուն տեղափոխվում է բոլորովին այլ իրականություն», – ասաց Մուշեղյանը։ Նրա խոսքով` կան մարդիկ, որոնք արդեն ցատկել են այդ զիփլայնով և նոր տպավորությունների կարիք ունեն, և վերջերս ներմուծված VR–տեխնոլոգիաները կարող է նրանց զարմացնել։
Այսօրվա դրությամբ դա տարածաշրջանի ամենաերկար զիփլայնն է և միակը, որն անցնում է կամրջի տակով։ Մուշեղյանը հույս ունի, որ շուտով այն կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում։ Գործում է երկու գիծ` առաջինի երկարությունը 870, երկրորդի` 650 մետր է։ Թռիչքի արագությունը հասնում է մինչև 140 կմ/ժ` կախված այցելուի քաշից, թռիչքում նրա դիրքից և քամու արագությունից։
Մուշեղյանը նշեց, որ ամբողջ համակարգը, այդ թվում` արգելակման, ավտոմատացված է։ Կարելի է թռչել նաև երկուսով։ Ի դեպ, ոմանք արդեն օգտվել են այդ հնարավորությունից` օդում աղջկան առաջարկություն արել։ Նա նշեց, որ ի սկզբանե նպատակ են ունեցել զիփլայնը դարձնել ատրակցիոն` հասանելի առավելագույն թվով մարդկանց համար։
«Տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ նույնպես կարող են օգտվել ատրակցիոնից։ Նրանց համար կան թեքահարթակներ։ Ավելին, այդ մարդկանց համար գործում է 50–տոկոսանոց զեղչ», – ասաց Մուշեղյանը։
Ի դեպ, մինչև 12 տարեկան երեխաների և զինծառայողների համար նախատեսված են զեղչեր։ Ամառային զբոսաշրջային սեզոնին սուր զգացողությունների հետևից օրական 15-17 մարդ է գալիս։ Այցելուների մեծամասնությունը զբոսաշրջիկներ են։
Աղբյուր՝ armeniasputnik.am