Հայտնի աղջիկների մանկության մասին պատմում են նրանց մայրիկները. փափուկ խաղալիքների հանդեպ «էգոիստությունից» մինչև չկատարված երազանք
Իրենց մայրիկների չկատարված երազանքն իրագործելուց մինչև չարաճճիություններ, խաղեր, ձեռքբերումներ ու մանկական այնպիսի հիշողություններ, որոնց մասին կարող են պատմել միայն մայրիկները։ Հայտնի աղջիկների մանկության մասին պատմում են նրանց մայրիկները։
Tert.am Life-ն ավելի վաղ ներկայացրել է ֆոտոշարք, որտեղ իրենց մայրիկների հետ են հայտնի տղաները։ Այս անգամ՝ շարքը շարունակելով, շոուբիզնեսից հայտնի աղջիկների մասին պատմում են իրենց մայրիկները։
«Դստերս հետ գերբնական կապվածություն ունենք»
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի մայրիկը աղջկանից պակաս կատակասեր չէ։ Մանկավարժ, դաշնակահարուհի Գալինա Կիրակոսյանը կատակեց՝ շնորհակալ է, որ իրենց հանդիպման համար առիթ ստեղծվեց, այլապես Անահիտի խիտ գրաֆիկը մայրիկին երբեմն ստիպում է կարոտել դստերը։
Հիշողությունները վառ են՝ Անահիտը խելոք ու կազմակերպված երեխա է եղել։ Մայրիկը հպարտությամբ հիշեց ակտիվ դստեր մանկությունից որոշ դրվագներ։
«Մենք որոշ ժամանակ Բելառուսում ենք ապրել և Անահիտը մանկապարտեզ այնտեղ է գնացել։ Երկու տարեկան էր, բայց արդեն զգացվում էր, որ ունի երաժշտական բացարձակ լսողություն։ Դա չէր վրիպել մանկապարտեզի իրենց երաժշտական մանկավարժի աչքից և Անահիտին հրավիրեցինն «Զանգակներ» մանկական խումբ։ Այնտեղ նրա երգեցողությունն այնքան էին հավանել, որ հայերեն կատարումներից մեկը ձայնագրեցին ու ռադիոկայանով հնչեցրին։
Նյութ էլ պատրաստեցին, որ երկրաշարժից հետո արտագաղթաց ընտանիքի փոքրիկն այսպես ակտիվ ու հետաքրքիր բալիկ է։ Հետո իրեն նկարահանման կանչեցին և ինքը պետք է իմ գրկում քնած ձևանար։ Չեք պատկերացնի, թե ինքն ինչպես կարողացավ մտնել դերի մեջ»,- ասաց տիկինն ու հավելեց՝ այդ ժամանակ ինքը հասկացավ, որ դուստրն արվեստի ոլորտում է լինելու։
Անահիտը երկու ավագ քույրերի փոքրիկն է։ Մայրիկը նրան հաճախ է անվանում «իմ տղա»՝ ոչ թե որդի ունենալու ցանկությունն է նրան ստիպում, այլ Անահիտի բնավորությունը։ Մայրիկի խոսքով դուստրն իր օգնականն է եղել դեռ շատ փոքր տարիքից։
«Շատ խելոք ու կազմակերպված երեխա է եղել, բայց շատ ակտիվ էր։ Ինքը երբեմն այնպիսի գործեր կաներ, որ տղաները գուցե անգամ չհանգնեին մոտ ձեռնարկել։ Միշտ ժպիտով ենք հիշում այն դժվար տարիները, երբ կար ջրի խնդիր և մարդիկ ջուր էին կրում։ Այդ տարիներին Անահիտս ինչ արագությամբ ու պատրաստակամությամբ էր ինձ օգնում, որ աննկարագրելի է»,- ասաց տիկին Գալինան ու ժպիտով ավելացրեց՝ դուստրը երկրպագուների ու տղաների ուշադրության պակաս դպրոցական տարիներին չի ունեցել։
Մայրիկի խոսքով ինքն ու դուստրն ունեն յուրահատուկ կապվածություն․ «Մանկությունից մինչև այսօր դստերս հետ գերբնական կապվածություն ունենք։ Եթե ես մի քանի օր տանը չէի լինում, ինքը ջերմում էր ու երբ վերադառնում էի՝ միանգամից ապաքինվում էր։ Եվ, իմիջայլոց, նույն կապվածությունը կա նաև այսօր։ Եթե Անահիտը հիվանդ եղավ, ես անպայման պետք է իր կողքին լինի, անկախ այն բանից, որ ինքը նույնպես արդեն մայրիկ է»։
«Ես հիմա իրենով եմ ապրում»
Դերասանուհի Անատի Սաքանյանի մայրիկը՝ Նուշիկ Եսայանը, բուժաշխատող է։ Անատիի մանկությունից նա հիշեց քմահաճություններն ու հետաքրքիր սովորությունները։
Մայրիկը նշեց՝ դուստրը խոսել սկսել է, երբ յոթ ամսական էր։ Իր լուսանկարին նայելով դերասանուհին իր անունը՝ Անահիտ, արտասանել է Անատի և այդպիսով իր համար ստեղծել մի անուն, որով այսօր հայտնի է։
«Անատին փոքր տարիքից եղել է աշխույժ, խելացի և հետաքրքրասեր։ Շատ կազմակերպված ու ինքնուրույն երեխա էր։ Անգամ փոքր տարիքում, երբ սովորաբար ծնողներն են երեխաներին պառկեցնում քնելու, Անատին ինքն իրենով, իր ժամին քնում էր՝ առանց որևէ մեկիս անհանգստություն պատճառելու»,- ասաց տիկին Նուշիկը։
Դերասանուհու մայրիկը հիշեց՝ Անատին հաճախ էր խորամանկում և խուսափում ծնողների բարկությունից։
«Հիմա ես չեմ մտաբերի մի դեպք, որ իր վրա բարկացած լինենք, իսկապես առիթ չէր տալիս, որ իր վրա անգամ բարձրաձայն խոսենք, որովհետև շատ զգայուն ու ազդվող էր։ Ինքն, այսպես ասած, ֆիրմային արտահայտություն ուներ, «մի ջղայինացի մամա ջան՝ սիրի-սիրի», ասում էր, որից հետո մենք ծիծաղում էինք ու էլ չէինք կարողանում իր վրա բարկանալ»,- ասաց նա։
Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում։