Մամուլ

Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարել. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ դադարեցնում եմ աշխատանքս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների (արդեն` Էկոնոմիկայի) նախարարությունում:

Չնայած այս ընթացքում բոլորս նախարարությունում զբաղվում էինք հնարավոր ամեն ինչով, իմ կանոնադրական առանցքային ֆունկցիաներից մեկը` ԵՄ ծրագրերի ազգային համակարգումը, այլևս չի լինելու մեր նախարարության գործառույթներից:

Կառավարության որ օղակում էլ որ իրականացվի այս ֆունկցիան, ես կանեմ ամեն բան անցնցում անցումն ապահովելու նպատակով: Տարբեր նախարարությունների միջև վերաբաշխվել է նաև իմ` մեկ այլ կարևոր գործառույթ` տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովների համանախագահությունը` դրան առնչվող ամբողջ աշխատանքով:

Ինձ համար մեծ պատիվ էր լինել հետհեղափոխական Հայաստանի փոխնախարար: Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության համար, բոլոր գործընկերներիս` կատարված ծանր աշխատանքի համար, առանձնահատուկ երախտիքս` նախարարության բոլոր կոլեգաներիս, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և իր գրասենյակին` Եվրոպական միության և միջազգային գործընկերների հետ աշխատանքների պրոֆեսիոնալ կուռացիայի համար:

Սա հիանալի փորձառություն էր և, չնայած չեմ կարող մեկ գրառմամբ պատմել կատարված ամբողջ աշխատանքի մասին, թերևս տեղին է ձեզ ներկայացնել առանցքային կարևորության մի քանի արդյունքներ.

1. Եվրոպական միության հետ դեռ 2017թ.-ից առկախված և ամբողջ աջակցության ծրագրերի վտանգված ստատուսի կարգավորում. այս աշխատանքի շնորհիվ ապահովել ենք 150մլն եվրո արժողությամբ աջակցության տրամադրում, մշակված ծրագրերի մի մասն արդեն մեկնարկել է ամենատարբեր ոլորտներում, և վստահ եմ, որ դրանք կտան իրենց պտուղները:

2. Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով սահմանված կոնյակի վերաբրենդավորման ՀՀ պարտավորության բանակցությունների իրականացում. այս աշխատանքի շնորհիվ ԵՄ կողմից նախնական առաջարկված գումարից 8 անգամ ավելի մեծ աջակցության փաթեթ է այս պահին բանակցությունների սեղանին:

3. Նույն համաձայնագրի 1/3-ի ճանապարհային քարտեզի մշակում. այս կտորը վերաբերում է համաձայնագրի 6-րդ մասին` Առևտրին և առևտրին առնչվող հարցերին, քարտեզում ներառված են այն քայլերը, որոնք ապահովելու են Համաձայնագրի այս մասի պատշաճ կիրարկումը:

4. Տնտեսական հարցերով միջկառավարական մի շարք հանձնաժողովների համանախագահում կամ մասնակցություն. այս աշխատանքի շնորհիվ ձևավորել ենք որակյալ գործընկերային հարաբերություններ աշխարհի տարբեր պետությունների պաշտոնյաների հետ, ձեռք ենք բերել մի շարք ոլորտներում համագործակցության պայմանավորվածություններ, որոնց շարունակականությունն ապահովելու համար կանեմ անհրաժեշտ ամեն բան:

5. Վերջիվերջո, շատ սուղ ժամկետներում կազմակերպել ենք Ֆրանկոֆոնիայի տնտեսական համաժողովը, որի արդյունքում մոտ 600 գործարարներ աշխարհի տարբեր անկյուններից ծանոթացել և նոր կապեր են ստեղծել Հայաստանում: Արդեն իսկ արտահանման նոր շուկաների բացահայտումից մինչև ուղղաթիռների ձեռքբերում. Հայաստանի գործարարները դեռ շարունակելու են կապիտալացնել ֆորումի արդյունքում ձեռք բերված ծանոթությունները:

Հաջորդիվ կտեղեկացնեմ, թե ինչով եմ զբաղվելու հետագայում: Սիրով`Մ.»:

Կիսվել