Մամուլ

Երկու և ավելի երեխա ունեցողներն անվճար կսովորեն ցանկացած բուհում

Երկու և ավելի երեխա ունեցող ծնողները կարող են դիմել Հայաստանի երիտասարդական հիմնադրամ ու անվճար սովորել ցանկացած բուհում։ Այս կիսամյակում, օրինակ, կփոխհատուցվի 17 ուսանող-ծնողի ուսման վարձն ամբողջությամբ

Ժասմին Առուստամյանը ձեռք է բերում իր երրորդ մասնագիտությունը. սկզբում` հաշվապահական հաշվառում, հետո` մենեջմենթ, հիմա էլ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում։ Բազմազավակ կինը որոշել է հետ չմնալ իր ուսանող զավակներից ու ինքն էլ սովորել համալսարանում։

Հետևելով իր կարգախոսին` «Դար ապրիր, դար սովորիր»` նա ընդունվել է Գորիսի պետական համալսարան։ Վստահեցնում է` լավ աշխատանք է ունենալու և երեխաների համար լավ օրինակ է ծառայելու։

«Միայն ցանկություն է պետք, այդ դեպքում կհասնես քո նպատակներին։ Ես միշտ սիրել եմ սովորել։ Դա իմանալով ու ըմբռնելով` ընտանիքս ամեն կերպ աջակցում է ինձ»,-ասաց Ժասմին Առուստամյանը։

Տարեկան 800 հազար դրամ վճարել չէր կարող Աննա Հայրապետյանը։ Բայց նա ամեն կերպ ցանկանում էր հասնել բաղձալի երազանքին` սովորել բժշկական համալսարանում։ Սպասել է մի քանի տարի մինչև երեխաները մեծանան ու ինքը ժամանակ հատկացնի ուսմանը։ Գերազանց միավորներ ունենալու շնորհիվ առաջին մի քանի տարին սովորեց անվճար, հետո փոխադրվեց վճարովի համակարգ։

«Դիմեցի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, ու մինչև ուսման ավարտը նրանք իմ փոխարեն կվճարեն վարձը»,- գոհունակությամբ նշեց Աննան։

Նրանք ու ևս 15 բազմազավակ ծնող ստացավ ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր։

«Երբ սկսում էինք ծրագիրը, հարցում անցկացրինք բուհերում. հետաքրքիր էր իմանալ, թե որքան էր 2 և ավելի երեխա ունեցողների թիվը։ Այդ ժամանակ թիվը բավականին փոքր էր` 4-5։

Հիմա արդեն մեզ է դիմել 17 ուսանող։ Ես ուզում եմ, որ դուք այս ինֆորմացիան տարածեք ձեր բարեկամների շրջանում, որպեսզի մենք մյուսների ուսման հարցն էլ լուծենք»,-ասաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։

Նախաձեռնությունը նպատակ ունի սոցիալական աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին, նպաստել երիտասարդների կրթության շարունակելիությանը, երկրորդ մասնագիտություն ստանալուն։

Կիսվել