Մամուլ

Ինչ հանգամանքներում են հղիացել երեք անչափահասները․ պարզաբանում Ոստիկանությունից

Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ պարզաբանելով, թե ինչ հանգամանքներում են հղիացել երեք անչափահասները․ 

«Վերջին շրջանում համացանցում շրջանառվում են երեք անչափահասների հղիության վերաբերյալ տեղեկություններ:

Հիշյալ փաստերով ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր: Արդյունքում պարզվել է, որ երեք անչափահասներն էլ ամուսնացել են, և նրանց հարսանեկան արարողություններին ներկա են գտնվել երկու կողմի հարազատները:

Պարզվել է նաև, որ երեք անչափահասներն էլ սեռական հարաբերություն ունեցել են 16 տարին լրանալուց հետո: Ուստի երեք դեպքում էլ բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշները: Այն է՝ սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ:

Նախապատրաստված նյութերով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ»:

Այս պարզաբանումը օգտատերերի շրջանում աղմուկ բարձրացրեց, որին ի պատասխան՝ Տիկին Դուրյանը կրկին գրառում կատարեց, որտեղ ասվում է․

«Հարգելի քաղաքացիներ, քանի որ տվյալ դեպքի հետ կապված հնչում են տարբեր մեկնաբանություններ, ուստի կցանկանայի կատարել պարզաբանում: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն, անձը կարող է ամուսնանալ 17 տարեկանում եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը:

Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

Տվյալ 3 դեպքերում էլ աղջիկների ամուսինները չափահաս անձինք են, իսկ ամուսնության համար եղել է աղջիկների ծնողների համաձայնությունը»:

Հիշեցնենք՝ ապրիլի 9-ին ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ էր ստացվել, որ 17-18 շաբաթական հղիությամբ իրենց մոտ է տեղափոխվել 17-ամյա Կ. Շ.-ն, 16-17 շաբաթական հղիությամբ՝ 18-ամյա Գ. Մ.-ն և 8-9 շաբաթական հղիությամբ՝ 17-ամյա Լ. Կ.-ն։

Կիսվել