Իմ տղան կանգնեց՝ թիկունքով փակեց, որովհետև գիտեր, որ իր ժողովուրդն է տուժելու. Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ որդու մասին
Իմ տղան կանգնեց՝ թիկունքով փակեց, որովհետև գիտեր, որ իր ժողովուրդն է տուժելու. Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ որդու մասին
«Հայկական ժամանակ»-ը Ապրիլյան պատերազմում հերոսաբար նահատակված Արմենակ Ուրֆանյանի մոր` Համեստ Ներսիսյանի հետ զրույցում հետաքրքրվեց, թե ի՞նչ ֆինանսական վիճակում է գտնվում հիմնադրամը, ի պատասխան Ներսիսյանը նշեց, որ ֆինանսական աջակցություն ունեն՝ քիչ, բայց ունեն:
Այն դիտարկմանը, թե ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոչից հետո՞ եղավ այդ աջակցությունը, Ներսիսյանն արձագանքեց.
«Տիկին Հակոբյանի կոչից հետո մեկ բարերար, որը չի ուզում անունը բացահայտել, օգնել է, ունենք նաև «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությունը, Հասմիկ Պապյանի աջակցությունը, փոքր չափով նաև քաղաքացիների աջակցությունն ունենք»:
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված տղաների մայրերի հետ հանդիպմանը ներկա եւ նախկին պաշտոնյաների ու օլիգարխների կանանց կոչ էր արել իրենց թանկարժեք զարդերը նվիրաբերել «Արմենակ Ուրֆանյանի անվան ռազմահայրենասիրական բարեգործական հիմնադրամ»-ին:
Մեր հարցին, թե ի՞նչ աշխատանքներ է իրականացրել հիմնադրամը, Ներսիսյանը պատասխանեց. «Բավականին մեծ աշխատանք ենք կատարել: Զոհվածների ընտանիքներին էլ ենք աջակցել, հաշմանդամ տղաներին էլ ենք աջակցել, դիրքերին էլ ենք աջակցել՝ հնարավորության չափով»:
Մեր հարցին, թե ինչպես նախկինում այժմ նույնպե՞ս այն կարծիքին է, որ Ապրիլյան պատերազմը կազմակերպված է եղել, Ներսիսյանը պատասխանեց.
«Այնքան ցավոտ թեմա եք ասում: Այո, դա կազմակերպված էր միանշանակ: Իմ տղան կանգնեց՝ թիկունքով փակեց, որովհետեւ գիտեր, որ հայրենիքը՝ իր ժողովուրդն է տուժելու: Այո, մարդիկ պատրաստակամ էին այդ 5 շրջանը հանձնելու, բայց իմ տղան ու իր նմանները իհարկե չթողեցին:
Շատ ցավոտ է, որ իրենց ֆիզիկական ներկայությունը չկա, բայց գնալով սկսում ես մտածել, որ այդ տղաները իրոք մեծ գործ են արել, դա անգնահատելի է: Իմ տղան մեծ նպատակներ ուներ՝ նշանված էր, նա դրանք բոլորը մի կողմ թողեց եւ մտածեց, որ թուրքը մտնելու է, պիտի պաշտպանի իր հայրենիքը: Իհարկե իմ տղան պետք է այդ ժամանակ նման դիրք ընդուներ եւ նա արել է:
Բազմիցս բարձրաձայնել եմ այս մասին: Ասել եմ՝ հիմնավորեք, ինչո՞ւ պիտի իմ տղան Ազգային հերոս չլինի, բայց մինչեւ օրս շարժ չեմ տեսնում: Ինձ ոչինչ պետք չէ, ինձ պետք է, որ իմ տղայի գործած սխրանքը արժեւորեն»:
Մեր հարցին, թե ո՞րն է պատճառը, որ կարծում է՝ Ապրիլյան պատերազմը կազմակերպված է եղել, Ներսիսյանը պատասխանեց.
«Նախ, որ հրաման են տվել՝ դիրքը թողեք հետ եկեք: Հետո իմ տղան 3 գրոհ է տվել, օգնություն է խնդրել, չեն ուղարկել՝ այ հենց դա: Ի՞նչ է նշանակում՝ մեզ հրաման չեն տվել օգնելու: Ես իր հրամանատարությանը դավաճաններ եմ համարում, իրենք այդ երեխաներին թողել են կրակի առաջ, այդքանը կարող եմ ասել»:
Աղբյուր՝ armtimes.com