ՄամուլՄշակույթՇոու-բիզնես

«Իմ ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը». Սուրեն Շահվերդյանը հրաժարական տվեց

Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը որոշում է կայացրել հրաժարական տալ պաշտոնից: 

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի՛ Համազգային թատրոնի արտիստներ, սիրելի՛ թատերասեր հասարակություն, ես ողջ կյանքս ապրել ու աշխատել եմ թատրոնում և թատրոնի համար։ Ինձ համար ցավ է տեսնել թատրոնի կաթվածահար վիճակը։ Այսպես շարունակվել չի կարող։ Ես չեմ հանդուրժի թատրոնի քայքայումը։ Տեսնում եմ, որ իմ ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը, թեև ես իմ ձեռքն էի մեկնել ձեզ՝ համոզված լինելով, որ կարող եմ օգնել և օգտակար լինել, բայց ստացվեց հակառակը… Այժմ որոշում եմ կայացրել հրաժարվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Ինչպես որ խոստացել էի, ես մնում եմ ձեր բարեկամը, գրկում եմ ձեզ մեկ առ մեկ ու հաջողություն մաղթում ձեր գործում։ Հուսով եմ, որ մեր միջև անախորժությունները կմոռացվեն, կներվեն միմյանց հասցված վիրավորանքները։ Հուսով եմ նաև, որ ապագայում առիթներ կունենանք միասին ստեղծագործելու և ծառայելու Նորին մեծություն Թատրոնին»,-  գրել է նա:

Նշենք, որ Սուրեն Շահվերդյանը նոյեմբերի 29-ին էր նշանակվել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, սակայն թատրոնի դերասանական կազմը հրաժարվել էր աշխատել վերջինիս հետ և մինչ օրս շարունակում է գործադուլը: Դերասանները նշում են, որ իրենց հիմնական պահանջը թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականն է:

Կիսվել