Ադրիանա Գալստյանի գունեղ ֆոտոշարքը և իր առօրյայի, խոհանոցում պատրաստելու, գնումներ կատարելու և գալիք տոների մասին
«Երբ ինչ-որ բան լավ չի ստացվում, նորից անցնում եմ գործի». Ադրիանա Գալստյանը` իր առօրյայի, խոհանոցում պատրաստելու, գնումներ կատարելու և գալիք տոների մասին
Դերասանուհի Ադրիանա Գալստյանին հռուստադիտողը տեսնում է տեսահոլովակներում, «Նռան հատիկ» հեռուստասերիալում, վերջերս՝ նաև «Հեքիաթահարված» և «Ժամանակն է» նոր գեղարվեստական ֆիլմերում. այ թե ինչպիսին է նա առօրյայում, ինչ սովորություններ ու նախասիրություններ ունի, կատարու՞մ է արդյոք գնումներ, թե զերծ է մնում խանութ գնալուց, ShowBiz.am-ի հետ ունեցած զրույցի ժամանակ բացահայտել է դերասանուհին: Ադրիանան պատմեց իր նախընտրած ոճի, սիրած գույների, ուտեստների, ամանորյա զարդարանքների և այլնի մասին: Նա բացահայտեց նաև, որ շատ լավ է իրեն զգում խոհանոցում, և եթե նույնիսկ որևէ բան այնպես չի ստացվում, չի հուսալքվում ու կրկին անցնում է գործի:
– Առավոտյան արթնացար. առաջին բանը, որ պարտադիր պետք է անես:
– Աղոթել ու շնորհակալ լինել Աստծուն ամեն նոր օրվա համար:
– Սուրճ թե՞ թեյ:
– Թեյ, միանշանակ, այն էլ ձմռանը:
– Ո՞ր իրերն են, որ տանից դուրս գալիս պարտադիր պետք է դնես պայուսակի մեջ:
– Դրամապանակ, անձնագիր, օծանելիք, մազակալ, ականջակալ:
– Երբեմն-երբեմն լինու՞մ են օրեր, որ ինքդ կատարես գնումներն ու մի համեղ բան էլ պատրաստես խոհանոցում:
– Այո՛, նմանատիպ օրեր շատ-շատ են լինում: Խոհանոցում լինելն ու զանազան ուտեստներ պատրաստելն իմ նախասիրությունն է:
– Գնումներ կատարելիս կա՞ որևէ բան, որին առանձնահատուկ ուշադրություն ես դարձնում, և պարտադիր պայման է քեզ համար:
– Դե՛, ինչպես բոլորը, ես նույնպես առաջինը ուշադրություն եմ դարձնում պահպանման ժամկետին, իսկ ինչ վերաբերում է բանջաեղենին, կարևորը՝ լինի թարմ ու լավ լվացված:
– Ինչպիսի՞ն է Ադրիանան խոհանոցում. առհասարակ, սիրու՞մ ես պատրասել և արդյո՞ք գոհ ես լինում արդյունքից:
– Շատ ակտիվ եմ լինում խոհանոցում: Սիրում եմ պատրաստել երաժշտության ներքո: Հիմնականում հաջողեցնում եմ համեղ պատրաստել.երբ ինչ-որ բան այն չի ստացվում, չեմ զլանում, նորից անցնում եմ գործի:
– Ո՞ր խոհանոցն ես նախընտրում:
– Առաջին տեղում հայկական ավանդական խոհանոցն է ինձ մոտ, հետո մեքսիկական, իտալական, լիբանանյան և նոր վրացական:
– Սիրածդ միրգը՞:
– Նարինջ եմ ամենից շատ սիրում:
– Առանձնահատուկ ուշադրություն ունե՞ս քաղցրավենիքի, հրուշակեղենի հանդեպ թե՞ հակառակն է քեզ մոտ:
– Քաղցրակեր չեմ, բայց էլ ինչ սուրճի սեղան առանց քաղցրի և մտերիմ ընկերուհիների:
– Տարվա ո՞ր եղանակն է ամենասիրելին:
– Ամառ. ծնվել եմ ամռանը՝ օգոստոս ամսին:
– Ո՞ր ոճի հագուստի մեջ ես զգում, որ իսկական Ադրիանան է:
– Casual ոճով եմ սիրում հագնվել, բայց լինում են իրավիճակներ, երբ պարտադրում են դասական ոճ և բարձրակրունկներ:
– Սիրածդ գույնը՞:
– Կարմիր:
– Մոտենում են տոները. ինչո՞վ է այն ասոցացվում քեզ մոտ: Գուցե սեզոնային հենց այս մրգերով և նարնջի բույրո՞վ:
– Այո՛, երբ քայլում ես փողոցով և տեսնում դրսում՝ վաճառասեղաններին դրված գունագեղ ցիտրուսների շարանը, այդ ժամանակ տոնական շունչ ես զգում:
– Ամանորյա նախապատրաստական աշխատանքներ. ինչպե՞ս է այն սկսվում քեզ մոտ:
– Ընտրում եմ նվերներ, հետո անցնում նախապատրաստական աշխատանքներին:
– Տոնածառը, բնակարանը կամ գուցե հենց քո փոքրիկ անկյունը՝ ննջարանը, զարդարելիս ինչի՞ն ես ուշադրություն դարձնում՝ տարվա խորհրդանիշ գույներին թե՞ քո ցանկությանը:
– Սիրում եմ զարդարել ըստ իմ ցանկության` գունավոր փայլեր, փուչիկներ, խաղալիքներ:
– Քեզ հետևող և նմանվել փորձող երիտասարդ աղջիկներին ի՞նչ խորհուրդ կտաս ամանորյա զարդարանքների, իրենց ոճի, ինչպես նաև դիմահարդարման հարցում:
– Պարզապես, խորհուրդ եմ տալիս, որ երիտասարդները , լինեն այնպիսին, ինչպիսին կան և հաճախ ժպտան: