Մամուլ

«Հաղարծինին նվեր եմ բերել՝ 140 000 դոլարանոց մի ծրագիր». Նիկոլ Փաշինյան

Այսօր իջևանցիների հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Հաղարծին համայնքի 200-ամյակին նվիրված միջոցառմանը:

Վարչապետը նախ շնորհավորեց Հաղարծինի 200-ամյակի կապակցությամբ և հայտնեց, որ 200 ամյակը Հաղարծին գյուղի համար նոր էջ կբացի, ինչպես 2018 թվականը հայ ժողովրդի կյանքում է նոր էջ բացել:

«Ժողովուրդ ջան, սա նոր Հայաստան է, և նոր Հայաստանում բոլորս իրականությունը պետք է ընկալենք նորովի: Մենք ինքներս մեզ պետք է ընկալենք նորովի, մեր միջավայրը, մեր հնարավորությունները պետք է ընկալենք նորովի և մենք մեր ուժերին պետք է վերաբերվենք նորովի: Մենք պետք է ոչ թե ուրախանանք ունեցած հաղթանակով, այլ ամեն հաղթանակից հետո պետք է աշխատենք նոր հաղթանակի վրա: Այսօր չի կարող Հաղարծինն ապրել այնպես ինչպես ապրում էր երեք ամիս առաջ,-ասաց Փաշինյանը,- այսօր ես եկել եմ՝ մեկ նվեր բերելով Հաղարծինին: Հաղարծին գյուղի համար բացվում է նոր՝ 140 հզր դոլարանոց մի ծրագիր, այդ ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն Հաղարծինի այն բնակիչները, ովքեր կներկայացնեն նորովի ապրելու ծրագիր, ովքեր կորոշեն, որ իրենց տնտեսության մեջ, իրենց կյանքում առանց բնությանը վնաս պատճառելու նոր գործունեություն ծավալել, չորանոց բացել, անասնապահությամբ զբաղվել և այլն: Ի դեպ, դա լինելու է ոչ թե վարկ, այլ գրանտ, այսինքն նվեր, որ մարդիկ գործունեության նոր էջ բացեն: Անջատում ենք «դրուժբաներն» ու միացնում ենք միտքը, սերը, ստեղծագործությունը: Հաղարծին գյուղը՝ որպես իմ պապական գյուղ, պետք է ապացուցի, որ նոր Հայաստանի առաջամարտիկներից է»:

Կիսվել