Մամուլ

Սևանում երեխաներին փրկած, բայց ջրահեղձ եղած տղամարդու անհետացած դին չեն կարողանում գտնել

Սևանում երեխաներին փրկած, բայց ջրահեղձ եղած տղամարդու անհետացած դին չեն կարողանում գտնել

Այսօր առավոտյան ժամը 7:45-ից վերսկսվել են օգոստոսի 3-ին Սևանա լճում անհետացած քաղաքացու որոնումները:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից՝ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության ջրափրկարարները լճում որոնում են Վանաձոր քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Նվեր Շահնազարյանին, որը երեկ փորձել էր օգնել ռետինե նավակով ափից հեռացած այլ քաղաքացիների:

Ականատեսները երեկ կեսօրին Նվեր Շահնազարյանին վերջին անգամ տեսել են ափից 20 մետր հեռավորության վրա, որտեղից եւ նա անհետացել է:

«Նվեր Շահնազարյանը փորձել է լողալով հետ բերել քամուց դեպի լճի խորքերը քշվող այն ռետինե նավակը, որի վրա գտնվել են իր քրոջ զավակները եւ ջրահեղձվել է: Ջրափրկարարները կարողացել են փրկել նավակի վրա գտնվող անչափահաս երեխաների կյանքը եւ նրանց անվնաս ափ հասցնել, սակայն չեն գտել Նվերի ջրահեղձված դին:

Մինչեւ մութն ընկնելը որոնումներն արդյունք չեն տվել: Դրանք վերսկսվել են օգոստոսի 4-ի վաղ առավոտից»,- «Արմենպրեսին» ներկայացրել է Գարիկ Հակոբյանը:

Կիսվել