Մամուլ

Պարզվում է` մենք արտոնյալ ենք եղել, չենք իմացել. Միքայել Աջապահյան

Հուլիսի 31-ից անվավեր են ճանաչվել Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը: Հետաքրքիրն այն է, որ խոսքը վերաբերել է նաև բարձրաստիճան հոգևորականներին, որոնց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դեռևս հուլիսի 25-ին հրահանգ է եղել վերադարձնել դիվանագիտական անձնագրերը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին ևս այդպիսի հրահանգ է տրվել Մայր Աթոռից, սակայն չի մեկնաբանվել, թե ինչու:

«Մայր Աթոռից են ասել, որ արտգործնախարարությունը պահանջում է մեր անձնագրերը: Հուլիսի 25-ին եմ այդ մասին տեղեկացել, իսկ չեղարկման մասին էլ` երեկ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նա: Մեր դիտարկմանը` ինչպես են վերաբերվում այդ որոշմանը, Աջապահյանն ասաց. «Թող սպասեին, 8 ամիս հետո կավարտվեր դիվանագիտական անձնագրի ժամկետը, չէինք տա, կասեին` չեն տալիս, այլևս արտոնյալ չպետք է լինեք: Պարզվում է` մենք արտոնյալ ենք եղել, չենք իմացել»:

Ընդգծենք, որ դիվանագիտական անձնագրեր շնորհելը սահմանված է օրենքով, և հստակ ամրագրված է, թե որ պաշտոնյաները և նրանց հետ փոխկապակցված որ անձանց է տրվում: Սակայն գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը դիվանագիտական անձնագրեր շռայլել է շատերին: Նախկին պաշտոնյաներից շատերը մինչ այժմ էլ ունեն այդ անձնագրից: Ընդ որում, համառ տեսակետ կա, որ նոր կառավարությունը նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերն անվավեր է ճանաչել, որպեսզի նրանք հնարավորություն չունենան անարգել լքել երկիրը՝ կոռուպցիոն բացահայտումների, մարտի 1-ի գործի վերաբացման ֆոնին ճողոպրելով պատասխանատվությունից:

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել