Մամուլ

Սևանա լիճն օրեցօր թունավորվում է ու դառնում վտանգավոր (տեսանյութ)

Սևանա լճում հատկապես այս տարի կապտականաչ ջրիմուռների (թունավոր) բուռն աճը, նշված ջրիմուռներով լճի խիստ վտանգավոր ծաղկումը Հայաստանի ղեկավարության և համապատասխան այլ պաշտոնյաների շրջանում կարծես թե առանձնապես մտահոգության տեղիք չի տալիս, եթե չասենք, որ ոմանց կողմից ընդհանրապես լռություն է:

Մինչդեռ իրականում ի՞նչ վտանգ է ներկայացնում Սևանա լճում հիշյալ ջրիմուռների աննախադեպ ծաղկումը․․․ «Ցիանաբակտերիաները կարող են արտադրել տոքսիններ` պատասխանատու դառնալով ջրի հետ կապված թունավորման ավելացման հետ` ինչպես մարդկանց, այնպես էլ վայրի բնության, և լուրջ դժվարություններ սռեղծել ջրի մատակարարների համար- «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Գիտական Հայաստան» հաղորդաշարի ուղիղ եթերում ասաց կենսաֆիզիկոս, քիմիկոս, տնտեսագետ, Հունաստանի ATINER ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ, ԵՄ տարբեր ծրագրերի և ԱՊՀ երկրների խորհրդի փորձագետ Արմեն Ավագյանը:

1998 թվականին ԱՄՆ-ի բնապահպանական գործակալությունը ցիանաբակտերիաները և դրանց տոքսինները ներառել է աղտոտիչների ցանկում որպես առաջատարներ: Ցիանաբակտերիաները կարող են հանդիսանալ ալերգիկ ռեակցիաների, գաստրոէնտրիտների ու նույնիսկ ավելի ծանր հիվանդությունների պատճառ… Նեյրոտոքսինները վնասում են նյարդային համակարգը, հեպատոտոքսինները` լյարդը, դերմատոտոքսինները գրգռում են մաշկը և  լորձաթաղանթները»: Ինչպես «Գիտական Հայաստան» հաղորդաշարի հյուրը նշեց, անաբենայի (կապտականաչ ջրիմուռի տեսակ) կողմից, որը Սևանում առկա է, արտադրված նեյրոտոքսինային ալկալոիդները մարդու համար մահացու են ջրի 1 լիտրում 20 միկրոգրամ պարունակության պարագայում, աֆանատոքսիններն առաջացնում են շնչռական մկանների կաթված:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ջրում միկրոտոքսինի թույլատրելի նորմը կազմում է մինչև 1 միկրոգրամ լիտրում: Որոշ տոքսիններ խթանում են ուռուցքի զարգացումը»: Արմեն Ավագյանի հավաստմամբ, կապտականաչ ջրիմուռների արտադրած թույնով թունավորվելու արդյունքում գրանցվել է նաև կովերի, խոզերի, ոչխարների, շների ու թռչունների լյարդի վնասում և անկում: Մարդկանց, անասունների, թռչնաբուծական և ձկնաբուծական տնտեսությունների, խեցգետինների, ընդհանրապես ջրային ֆաունայի թունավորումը կարող է տեղի ունենալ ինչպես հիշյալ ջրիմուռների ծաղկման շրջանում տոքսիններ պարունակող ջրի հետ շփման կամ այդ ջուրը խմելու միջոցով, այնպես էլ այդպիսի ջրով աճեցված գյուղմթերքի օգտագործման հետևանքով:

Այլ կերպ ասած, թունավորման վտանգի տակ են ոչ միայն Սևանա լճի ձկներն ու խեցգետինները, այլև լճի ջրով ոռոգված Արարատյան դաշտի պտուղ-բանջարեղենը, եթե լիճը ներկայիս իրավիճակից հանելու համար անհապաղ չձեռնարկվեն համապատասխան միջոցներ, և ջրում թույնի պարունակությունը գնալով ավելանա: Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների բուռն աճը, որին ականատես ենք այժմ, ըստ գիտնականի, կարող է բավական լուրջ առողջական խնդիրներ առաջացնել Հայաստանի բնակչության շրջանում, այն մեր ազգային անվտանգության նկատմամբ խոշոր մարտահրավեր է, քանի որ սպառնալիքի տակ է նաև մեր սննդի անվտանգությանը, ձկները, երբ որ այդպիսի թունավոր նյութեր են կլանում, դա մտնում է նրանց մեջ, մարդը սնվելով այդ ձկներով, անուղղակիորեն է ստանում այդ տոքսինները:

Ավելին. Սևանա լիճը, ինչպես գիտնականը նշեց, մեր ոռոգման ու խմելու ջրերի 80 տոկոսն է ապահովում, և եթե այսպես շարունակվի աղտոտվել, մենք կզրկվենք նշված ջրերն օգտագործելու հնարավորությունից, ինչպես նաև անասնապահությունից ու ձկնաբուծությունից, էապես կբարձրանան բնակչության հիվանդացության ու մահացության առանց այն էլ բարձր ցուցանիշները:

Կիսվել նյութով