Մամուլ

Մարտի 1-ի զոհերի հարազատներին պետությունն է պարտավոր փոխհատուցում տրամադրել

Եթե օբյեկտիվ դատական քննություն տեղի ունեցավ և բացահայտվեց, որ Մարտի 1-ի զոհերի պատճառը եղել է իրավապահ մարմինների ոչ իրավաչափ և անօրինական գործողությունները, ապա պետությունը պարտավոր է նրանց ընտանիքին, իրավահաջորդներին բարոյական փոխհատուցում տրամադրել։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Ես կարծում եմ, որ սա իրավական պետության այբուբենը պետք է լինի, որովհետև սա մի կողմից նշանակում է այդ զոհերի իրական ռեաբիլիտացիա, որից հետո նրանք պետք է հավասարեցվեն ռեպրեսիաների զոհերին։ Ինչպես նրանք ունեն արտոնություններ, այնպես էլ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները պետք է նման փոխհատուցում ստանան»,- ասաց իրավապաշտպանը։

Իշխանյանի խոսքերով՝ իրավական հարթության մեջ չի տեղավորվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի (մեղավորության հաստատման կանխավարկածը հաշվի առնելով) ունեցվածքի բռնագանձումը կամ պետականացումը և դրանով փոխհատուցման տրամադրումը։ «Պետությունն է պարտավոր փոխհատուցում տրամադրել՝ որպես նախորդ իշխանության իրավահաջորդ։ Ուրիշից վերցնել և տրամադրել, եթե չեմ սխալվում, նման պրակտիկա գոյություն չունի աշխարհում, որովհետև եթե նույնիսկ նախկին պաշտոնյայի անօրինական դիզած ունեցվածքը պետականացվում է, դա դեռ չի նշանակում, եթե փոխհատուցում տրվեց, ուրեմն դա այս ինչի հաշվին է։ Դրանք իրար հետ կապ չունեն»,- ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Մյութի աղբյուրը՝ 1in.am

Կիսվել