Մամուլ

Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Դավթաշենի կամրջի տակ, դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ 

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Համայնքային և քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են դեռևս ինքնությունը չպարզված կնոջ դի։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է քննության ընթացքում այն վերաորակվի կամ ինքնասպանություն կամ դժբախտ պատահար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում