Գեղամ Նազարյանը ներողություն կխնդրի. դատարանը պարտավորեցրել է
Newday.am-ը գրել է ․«Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը պարտավորեցրել է նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանին հրապարակային ներողություն խնդրել լրագրողներ Անի Գևորգյանից և Անի Խաչատրյանից՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղում նրանց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար, ինչպես նաև հերքել զրպարտչական հայտարարությունները։
Նոյեմբերի 20-ին հրապարակված վճռով դատավոր Տիգրան Գրիգորյանը սահմանել է, որ Նազարյանը պետք է առնվազն 1,000 տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցով, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում, հրապարակի հետևյալ տեքստը՝ առանց փոփոխությունների.
«Ես՝ Գեղամ Նազարյանս, ներողություն եմ խնդրում Անի Գևորգյանից և Անի Խաչատրյանից Տավուշի մարզի Կիրանց համայնքում Սուրբ երրորդություն եկեղեցու շրջակայքում նրանց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար և հերքում եմ նաև նրանց հասցեագրված զրպարտչական արտահայտությունները»։
Գործը վերաբերում է 2026 թվականի մայիսի 2-ին Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպին։ Ըստ դատարան ներկայացված հայցի՝ լրագրողները եկեղեցու օծման արարողությունը լուսաբանելու նպատակով զրուցելիս են եղել Պետական պահպանության ծառայության աշխատակցի հետ՝ քննարկելով տարածքում աշխատելու պայմանները։ Այդ ընթացքում Նազարյանն իր նախաձեռնությամբ միջամտել է խոսակցությանը՝ հարցականի տակ դնելով լրագրողների՝ այնտեղ գտնվելու իրավունքը և նրանց հասցեին հնչեցնելով վիրավորական արտահայտություններ։
Լրագրողների ներկայացմամբ՝ Նազարյանը սկսել էր վիրավորական խոսքեր հնչեցնել դեռևս այն ժամանակ, երբ օպերատորը նկարահանում չէր իրականացնում։ Դեպքից հետո Անի Գևորգյանն ու Անի Խաչատրյանը դիմել են դատարան՝ պահանջելով հրապարակային ներողություն և զրպարտչական հայտարարությունների հերքում։
Դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ մերժելով ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցման պահանջը։ Միաժամանակ Նազարյանից հօգուտ լրագրողների կբռնագանձվի ընդհանուր 140,000 դրամ, որից 40,000-ը՝ պետական տուրքի, իսկ 100,000-ը՝ փաստաբանի վարձատրության համար։Վճիռն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակումից մեկ ամիս անց և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան։
Անի Գևորգյանի և Անի Խաչատրյանի ներկայացուցիչը Զարուհի Նախշքարյանն է:»


