ՄամուլՏեսանյութ

Փեսայի կրակելու պահին աներձագը ստոլբի հետևից դուրս ա եկել. մանրամասներ ողբերգական դեպքից

Հայաստանի Արմավիրի մարզի Արևիկ գյուղում 24-ամյա Հովհաննեսը մահացել է օդաճնշիչ հրացանի կրակոցից, որն այդ պահին փորձարկում էր նրա ազգական Կամո Պետրոսյանը։ Ըստ տեղի բնակչի՝ կրակոցի պահին երիտասարդը դուրս է եկել սյան հետևից, որտեղ կանգնած էր, և գնդակը դիպել է նրա որովայնին։ Ողբերգության մանրամասները դեպքի վայրից ռեպորտաժում ներկայացնում է NEWS.am-ը։

Նախնական տվյալներով՝ Պետրոսյանը որոշել է ստուգել, թե ինչպես է կրակում հրացանը՝ չիմանալով, որ Հովհաննեսը սյան հետևում է։ Ինչպես պատմել է գյուղի բնակիչներից մեկը, տղամարդը կանչել է ազգականին, սակայն վերջինս չի արձագանքել։ Կարծելով, թե մոտակայքում ոչ ոք չկա, Պետրոսյանը կրակել է։ Այդ պահին Հովհաննեսը դուրս է եկել թաքստոցից և հայտնվել կրակի գծում։

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Երկու ընտանիքն էլ՝ թե՛ Կամո Պետրոսյանի, թե՛ մահացած Հովհաննեսի, ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը և բնակություն են հաստատել Արմավիրի մարզում։

Արևիկի մեկ այլ բնակիչ, որը ծանոթ է ընտանիքներին, NEWS.am-ին պատմել է, որ նրանք վայելում էին համագյուղացիների հարգանքը և լավ հարաբերություններ ունեին տեղի բնակիչների հետ։

«Ես ինքս այս գյուղի բնակիչ եմ։ Ճանաչում եմ նրանց. պարկեշտ ընտանիք է, մարդիկ նորմալ ապրում են։ Ղարաբաղից գալուց ի վեր հաստատվել են Արևիկում, մարդկանց հետ նորմալ շփվում են, լավ հարաբերություններ են պահպանում։ Սա պարզապես դժբախտ պատահար է»,- ասել է տղամարդը։

Տեղի բնակիչը նշելէ, որ Կամո Պետրոսյանն ու Հովհաննեսը շատ մտերիմ էին և միմյանց նկատմամբ լավ վերաբերմունք ունեին։ Տեղի ունեցածը ողբերգություն է դարձել երկու ընտանիքի համար։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում