Օտարերկրացին դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ բժշկական կենտրոններից մեկի բժիշկը առանց իր համաձայնության հեռացրել է աջ ամորձին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր.Օր.-ի 187-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է Երևանի բժշկական կենտրոններից մեկի նկատմամբ՝ օտարերկրացի Սալիմ Փ.-ի դիմումի հետ կապված։
Վերջինը հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնի բժշկի հետ ինքը պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի բժիշկը իր ամորձու մաշկի մեջ առկա փոքր կիստան տեղային անզգայացմամբ հեռացնի, սակայն վիրահատության ժամանակ այդ բժիշկը առանց իր համաձայնության իրեն ենթարկել է ընդհանուր անզգայացման և հեռացրել աջ ամորձին ամբողջությամբ՝ առանց որևէ բժշկական անհրաժեշտության կամ հիմնավորման։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաքննությունը շարունակվում է։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին չենք հայտնում՝ որ բժշկական կենտրոնի մասին է խոսքը և ով է եղել բժիշկը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


