Զապիի և Օշականցի Գևորիկի խափանման միջոցը հրապարակվեց
Դատարանի որոշմամբ քիչ առաջ ազատ արձակվեցին «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ հայտնի ԶԱՊ մականունով, և Գևորգ Մելիքյանը՝ «Օշականցի Գևորիկը»։
Նրանք դատարանի դահլիճից դուրս եկան՝ իրենց նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխությունից հետո։
Դատարանը երկուսի նկատմամբ էլ տնային կալանք է սահմանել։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանը՝ ԶԱՊ-ը, և Գևորգ Մելիքյանը՝ Օշականցի Գևորիկը, ձերբակալվել էին սեպտեմբերի 23-ին՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում տեղի ունեցած միջադեպի գործով։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Սողոյանը, տեղեկանալով, որ իր նախկին փեսան թոռանը տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է դստեր և բժշկական անձնակազմի հետ, դիմել է Գևորգ Մելիքյանին՝ մասնավոր վեճը լուծելու համար։
Վերջինս մի խումբ անձանց հետ այցելել է բժշկական կենտրոն, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նախկին փեսայի և նրան ուղեկցող անձանց հետ։
Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել, և որպես խափանման միջոց ընտրվել էր երկամսյա կալանքը։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Սողոյանին և Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու, իսկ Մելիքյանին՝ նաև մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու համար։


