«Ճնշվում եմ, նեղվում եմ, կհելնեմ կգնամ էս երկրից». Արամ Մելիքյանի սկանդալային տեսանյութը
Երգիչ Արամ Մելիքյանը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով նոյեմբերի 15-ին Երևանում անցկացված «Դինո վազք» մրցաշարին և դրա շուրջ համացանցում ծավալված քննարկումներին։
Միջոցառման ընթացքում մասնակիցները դինոզավրերի փչովի հագուստներով վազել են Երևանի կենտրոնում։ Այնուհանդերձ, մրցաշարը լայն քննարկումների առիթ է դարձել ոչ միայն բուն միջոցառման, այլև դրա վերաբերյալ քաղաքացիների արձագանքների պատճառով։
Մասնավորապես, համացանցում տարածվել էր տեսանյութ, որում տարեց կինը դժգոհություն էր հայտնում դինոզավրի հագուստով երիտասարդների մասնակցության կապակցությամբ՝ նրանց ամոթանք տալով։
Արամ Մելիքյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշել է, որ այսուհետ ցանկանում է խոսել ոչ այնքան իրադարձությունների, որքան դրանց վերաբերյալ հասարակության արձագանքների մասին։ Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ով կլինի երկրի ղեկավարը կամ ինչ իշխանություն կգա ու կգնա, հասարակության մտածելակերպի և ինտելեկտուալ մոտեցումների փոփոխության բացակայության դեպքում երկիրը շարունակելու է լուրջ խնդիրներ ունենալ։
«Ես եկել եմ մի կետի, որ ով ուզում է երկրի ղեկավարը լինի, ինչքան իշխանություն գա, գնա, մյուսը գա, մյուսը գնա, մինչև մեր ժողովրդի մեջ մոտեցումը չփոխվի, ինտելեկտի հետ կապված հարցերը չփոխվեն, մենք միշտ ունենալու ենք լուրջ խնդիր»,- իր խոսքում նշել է նա։
Անդրադառնալով բուն միջոցառմանը՝ Մելիքյանն ասել է, որ անձամբ դրանում որևէ վատ բան չի տեսել։ Նրա խոսքով՝ հնարավոր է՝ ոմանց համար այն հետաքրքիր ու զվարճալի լինի, մյուսների համար՝ ոչ այնքան, սակայն դա պատճառ չէ նման բացասական արձագանքի համար։ Նա նաև նորմալ է գնահատել տարեց կնոջ արձագանքի շուրջ քննարկումները՝ կրկին ընդգծելով, որ իրեն ավելի շատ հետաքրքրում է հասարակության վերաբերմունքն ու մտածելակերպը։
Տեսանյութը ստորև․


