Ծեծկռտուքից հետո ԱԺ շտապօգնություն են կանչել
Ինչպես հայտնել էինք հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում իրավիճակը կտրուկ լարվել է, ինչի հետևանքով խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել։
Միջադեպի պատճառ է դարձել ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթը։ Նա, դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, հայտարարել է․
«Պարոն Կարապետյան, ես մեղավոր չեմ, որ ձեր ամբողջ ազգուտակը զբաղվում է քաղաքականությամբ, այդ թվում՝ ձեր հորեղբայրը, ձեր հայրը, ձեր հորեղբոր որդին։ Վերջինս անգամ նախարարություն էր փորձում բացել մեր երկրում։ Ես մեղավոր չեմ, որ ուզում էր մի նախարարություն բացել, որը բավարարեր բոլոր կանանց։ Մինչև հիմա ներողություն չեք խնդրել դրա համար»։
Չախոյանի խոսքերից հետո Նարեկ Կարապետյանը տեղից սկսել է ինչ-որ բան բղավել։ Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավորը նրան ասել է․ ««Արա»-ն ոտքիցդ գլուխ ես»։
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները ոտքի են կանգնել, և խորհրդարանում քաշքշուկ է սկսվել։ ՔՊ-ական և «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ փորձել են հանդարտեցնել իրավիճակը՝ բաժանելով վիճաբանողներին։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ նիստը չի ընդհատելու, որպեսզի բոլորը տեսնեն տեղի ունեցողը։
«Հատուկ չեմ ընդհատելու նիստը, որ բոլորը տեսնեն այս ամենը։ Նիստը շարունակվելու է։ Դուք կողմնորոշվեք՝ ծեծկռտուք լինելու է, թե չի լինելու։ Կամ ցրվեք, նստեք»,- ասել է նա։
Սակայն իրավիճակն ավելի է սրվել, երբ բռունցքներով հարվածներ են սկսել հասցնել միմյանց ՔՊ-ական Տարոն Չախոյանն ու «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։
Դրանից հետո խորհրդարանում իսկական ծեծկռտուք է սկսվել։ Իրավիճակն այնքան է անկառավարելի դարձել, որ արդեն դժվար էր հասկանալ՝ պատգամավորներից ով ում է հարվածում։ Միջադեպի հետևանքով մի շարք պատգամավորներ վնասվածքներ են ստացել։
Ի վերջո, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ստիպված է եղել ընդմիջում հայտարարել և խորհրդարան հրավիրել անվտանգության աշխատակիցներին։
Խորհրդարան է ժամանել նաև շտապօգնության մեքենա։


