Մամուլ

ՀՀ քաղաքացիները նոր կենսաչափական անձնագրեր կստանան․ ի՞նչ է փոխվելու

Հայաստանը նախատեսում է անցում կատարել ամբողջությամբ կենսաչափական համակարգի՝ ներդնելով անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգ՝ պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով։

Նոր կենսաչափական համակարգի ներդրման հիմնական նպատակն է ապահովել անվտանգ, ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխանող անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումն ու շրջանառությունը Հայաստանում։ Նախատեսվում է նաև արդիականացնել առկա, հնացած տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքը՝ բարձրացնելով համակարգի անվտանգության, հուսալիության և գործառնական արդյունավետության մակարդակը։

Այս քաղաքականության և սահմանված նպատակների իրագործմամբ է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ 2026 թվականի մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքը։

Օրենքն ուժի մեջ է մտնելու էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, սակայն ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը։

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանում կներդրվի կենսաչափական անձը հաստատող փաստաթղթերի նոր համակարգ, որը նպատակ ունի հանրային ծառայությունների մատուցման որակն ու արդյունավետությունը բարձրացնել նոր մակարդակի։

Այսպիսով, կենսաչափական նոր համակարգի ներդրումը միտված է ոչ միայն անձը հաստատող փաստաթղթերի ենթակառուցվածքի արդիականացմանը, այլև ժամանակակից, անվտանգ և արդյունավետ ծառայությունների մատուցման միջավայրի ստեղծմանը՝ հաշվի առնելով համակարգի բոլոր շահառու խմբերի կարիքներն ու ակնկալիքները։

Նախագծի նպատակն է գործող իրավակարգավորումները համապատասխանեցնել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի պահանջներին, ապահովել իրավական եզրույթների միասնական և հետևողական կիրառությունը, ինչպես նաև հստակեցնել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանի վարման հետ կապված ընթացակարգերը։

Նախագիծը միտված է կատարելագործելու և արդիականացնելու գործող իրավակարգավորումները՝ ապահովելով դրանց համապատասխանությունը օրենսդրության պահանջներին, իրավական որոշակիությունն ու գործնական կիրառման արդյունավետությունը։

Միաժամանակ, նախագիծը նոր իրավակարգավորումներ սահմանելու նպատակ չի հետապնդում։ Այն կրում է գործող իրավակարգավորումները օրենքի պահանջներին համապատասխանեցնող, հստակեցնող և կատարելագործող բնույթ։

Կիսվեք ձեր էջում