Մամուլ

Երկրաշարժի հետևանքով 16 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը տուժել է

Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում տեղի ունեցած 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ևս 32-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Երկրաշարժը գրանցվել է Նագչու քաղաքի Բաքեն գավառում։ Գործակալության՝ ուրբաթ գիշերվա դրությամբ հրապարակած տվյալների համաձայն՝ տուժածներից 11-ի վիճակը ծանր է գնահատվել, իսկ մյուս 21-ը թեթև վնասվածքներ են ստացել։

Տարերային աղետի հետևանքով ավերվել է ավելի քան 300 բնակելի տուն։

Ներկայում շարունակվում են երկրաշարժի պատճառած վնասների գնահատման և աղետի հետևանքների վերացման աշխատանքները։

Փրկարարական գործողություններին մասնակցելու նպատակով դեպքի վայր է ուղարկվել ավելի քան 300 ոստիկան։ Բացի այդ, տարածաշրջանային հրշեջ-փրկարարական ծառայությունը տուժած շրջաններ է գործուղել 347 աշխատակցի։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հինգշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 22։33-ին, Տիբեթի ինքնավար շրջանում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է մոտ 173 կմ խորության վրա։

Կիսվեք ձեր էջում