27 տարի առաջ ԱԱԾ փոխնախարար Արծրուն Մարգարյանի սպանողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ուր է նա
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանության գործով հետախուզում է հայտարարվել նրա թիկնապահ Արսեն Խաչատրյանի նկատմամբ։
2026 թվականի հունիսի 6-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ բացահայտել է հերթական աղմկահարույց սպանությունը։ Խոսքը վերաբերում է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանության դեպքին։
Հիշեցնենք, որ 1999 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 15:30-ին, Երևան-Սևան մայրուղուց Նոր Հաճն-Ավան տանող խաչմերուկին հարող ամայի տարածքում հայտնաբերվել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով։
Դեպքի առթիվ 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի նախաքննության արդյունքում որևէ անձ այդպես էլ քրեական պատասխանատվության չի ենթարկվել, և դա այն պայմաններում, երբ Արծրուն Մարգարյանի դիակի վրա առկա է եղել 2 հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին ու գլխի աջ հետին հատվածում։
Արդյունքում տվյալ ժամանակահատվածում նախաքննական մարմինը հանգել է հետևության, որ վերջինս, գտնվելով հոգեկան երկարատև լարվածության վիճակում՝ դեպրեսիայի մեջ, կանգնելով իր համար ոչ ցանկալի փաստերի առջև ու չգտնելով այլ ելք, իրեն հատկացված հրազենից արձակված երկու կրակոցով ինքնասպանություն է գործել, ուստի սպանության դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործը 1999 թվականի սեպտեմբերի 20-ին կարճվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։
Դեպքից 27 տարի անց՝ համակողմանի ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում՝ դիակի արտաշիրիմման և նոր դատաբժշկական փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությամբ, ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արծրուն Մարգարյանը սպանվել է իր թիկնապահ Ա. Խ.-ի կողմից արձակված հրազենային կրակոցների հետևանքով։
Միաժամանակ հիմնավորվել է, որ Արծրուն Մարգարյանը ֆիզիկապես չէր կարող նման հրազենային վնասվածքներ պատճառել ինքն իրեն։
Սպանության բացահայտման առումով զգալի դժվարություն է առաջացրել նաև այն, որ քրեական վարույթի նյութերն առհասարակ բացակայում էին, և սկզբնական փուլում Քննչական կոմիտեի տրամադրության տակ էին միայն քրեական վարույթով կազմված մեղադրական եզրակացությունը, դատարանի որոշումները և մի քանի այլ դատավարական փաստաթղթեր։
Տեսանյութը ստորև․


