ՏեսանյութՄամուլ

28-ամյա հայուհուն ԱՄՆ-ից դեպորտ են արել ամուսնուն ապտակելու համար

Հայուհուն Միացյալ Նահանգներից արտաքսել են ամուսնուն ապտակելու համար։ Դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին, և 28-ամյա Արփինե Միսակյանը գրեթե երեք ամիս անցկացրել է ներգաղթային կալանքի կենտրոնում։

Արփինեն ձերբակալվել է ապրիլի 6-ին՝ հյուրանոցում։ Նա և իր ընտանիքը ժամանել էին Հարավային Կալիֆոռնիայից և երեկոյան գնացել Լաս Վեգասի ռեստորաններից մեկում ընթրիքի։

Ոստիկանության տվյալներով՝ հեռախոսի շուրջ ծագած վեճի ժամանակ Արփինեն հարվածել է ամուսնու դեմքին։ Դեպքը ֆիքսվել է տարածքի տեսախցիկներով։ Ռեստորանի աշխատակիցները զանգահարել են ոստիկանություն, որից հետո կինը ձերբակալվել է ընտանեկան բռնության կասկածանքով։

Ձերբակալման պահին նա բողոքել է արյան բարձր ճնշումից և շնչառության դժվարությունից, ուստի նրան հյուրանոցից դուրս են բերել պատգարակով և տեղափոխել հիվանդանոց։

Ավելի ուշ նրան ձերբակալել է Միացյալ Նահանգների Ներգաղթի և մաքսային ծառայությունը։ Նրա ամուսինը՝ Կարեն Հարությունյանը, ոստիկանությանը բացատրել է, որ «դա ընտանեկան վեճ է եղել» և բազմիցս փորձել է կնոջն ազատ արձակել։

Սակայն ոստիկանությունը հղում է կատարել Նևադայի օրենքին, որը թույլ է տալիս նման մեղադրանքների դեպքում կալանք կիրառել։ Արփինեին սկզբում պահել են Հենդերսոնի կալանավայրում, ապա տեղափոխել Ադելանտոյի ներգաղթյալների կալանավայր։ Ներգաղթի և մաքսային ծառայությունը հայտարարել է, որ Միսակյանը համաձայնել է կամավոր հեռանալ։

Ձերբակալությունից գրեթե երեք ամիս անց՝ հուլիսի 4-ին, նա արտաքսվել է Հայաստան։ Լաս Վեգասի ոստիկանությունը բացատրել է, որ գործող կանոնակարգերի համաձայն՝ իրենք տեղեկացնում են Ներգաղթի և մաքսային ծառայությանը, եթե օտարերկրյա քաղաքացին կալանավորվում է մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ ընտանեկան բռնության։

Կիսվեք ձեր էջում