Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «ՈՒԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենան Վայքի վարչական տարածքում Զոմայի Սուրբ տանող ճանապարհին գլխիվայր շրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, մեկ հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ վարչության պետի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանի և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։





