Ի՞նչ նորություն կա սառած վիճակում հայտնաբերված նորածնի առողջական վիճակից
Սառած վիճակում հայտնաբերված նորածնի առողջական վիճակը ծանր չէ, և բացասական ընթացք չկա։ Panorama.am-ի հետ զրույցում հայտնեցին առողջապահության նախարարությունից։
«Հիվանդանոցում գտնվող երեխայի առողջական վիճակը ծանր չէ, և հակառակ կամ բացասական ընթացք չկա: Երեխան այս պահին շարունակում է մնալ բուժհաստատությունում՝ մասնագետների հսկողության տակ: Երեխայի առողջական ապահովումն իրականացվում է ամբողջ ծավալով, և նրան տրամադրվում է անհրաժեշտ բժշկական աջակցություն։ Քանի դեռ առկա են որոշակի առողջական խնդիրներ, նա շարունակելու է մնալ բժիշկների անմիջական հսկողության ներքո»,- ասաց ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Խոսնակը նաև հավելեց. «Երեխայի հետագա խնամքի կազմակերպման հարցերը գտնվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տիրույթում: Հնարավոր է համապատասխան հանձնաժողովի ձևավորման միջոցով կամ հարազատների աջակցությամբ լուծվի երեխայի խնամքի հետագա ընթացքը, մինչ այդ նա կմնա հիվանդանոցում: Բուժհաստատությունից դուրսգրման պարագայում միայն հնարավոր կլինի հստակեցնել երեխայի խնամքի և հետագա տեղաշարժի հետ կապված մյուս հարցերը»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ սառած վիճակում հայտնաբերված նորածնի ծնողների հնարավոր հայտնաբերման մասին տեղեկատվությունը ներքին գործերի նախարարության իրավասությունն է, և հարցը գտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում:
«Ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ ծնողների որոնումն իրականացվում է ոստիկանության կողմից եռամսյա ժամկետում: Այդ ժամկետըրանալուց հետո միայն երեխան պաշտոնապես համարվում է առանց ծնողական խնամքի մնացած, ինչից հետո համապատասխան մարմինները ձեռնամուխ են լինում խնամատարության և հոգաբարձության կազմակերպմանը:
Այս պահին փոքրիկը շարունակում է գտնվել հիվանդանոցում՝ բժշկական հսկողության ներքո: Բուժհաստատությունից դուրսգրման պարագայում միայն հնարավոր կլինի հստակեցնել երեխայի խնամքի և հետագա տեղաշարժի հետ կապված մյուս հարցերը»,- նշեց Նվեր Կոստանյանը։
Ինչ վերաբերում է ծնողների որոնմանը, ապա Panorama.am-ի հետ զրույցում ներքին գործերի նախարարությունից հայտնեցին. «Այս պահին հավելյալ մեկնաբանություններ կամ նոր տեղեկություններ տրամադրել չենք կարող։ Հնարավոր զարգացումների և նոր տեղեկատվության առկայության դեպքում այն անհապաղ կհրապարակվի և կներկայացվի հանրությանը»:
Հիշեցնենք, օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նշենք, որ քանի որ համեմատաբար զով է եղել օգոստոսի 10-ին, երեխայի մարմնի ջերմաստիճանը իջել էր 30 աստիճան, ինչը կրիտիկական է նոր ծնված երեխաների համար։


