Ալեն Սիմոնյանն անգործ չի մնա. Փաշինյանը հարսանեկան նվեր է պատրաստել նրա համար
MakaryanNews-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի համար իր նախկին կարգավիճակին հարիր պաշտոն է գտել և շուտով նրան բավականին ազդեցիկ պաշտոնի կնշանակի` դարձյալ թիկնազորով, ուղեկցող մեքենաներով և լայն հնարավորություններով:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով` Փաշինյանը պատրաստվում է Սիմոնյանին մոտ օրերս նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, որտեղ նա կփոխարինի Արմեն Գրիգորյանին:
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթն, ի դեպ, գրել էր, որ Արմեն Գրիգորյանը հնարավոր է` չվերանշանակվի այդ պաշտոնում: Պատճառը, մեր տեղեկություններով, հենց դա է` նրա փոխարեն Ալեն Սիմոնյանն է նշանակվելու:
MakaryanNews-ը դեռ երեկ էր իշխանական կուլիսներից տեղեկացել Փաշինյանի այս որոշման մասին, որից, ի դեպ, մինչ այս հաշված մարդիկ էին տեղյակ և փորձում էին գաղտնի պահել` թողնելով, որ Փաշինյանն ինքը այդ մասին հայտարարի: Ի դեպ, արդեն կեսկատակ նշում են, որ այս պաշտոնը լինելու է Նիկոլ Փաշինյանի գլխավոր հարսանեկան նվերը Ալեն Սիմոնյանին: Վերջինս, հիշեցնենք, երրորդ անգամ է ամուսնանում, և սեպտեմբերի 5-ին նախատեսվում է նրա հերթական մեծ հարսանիքը, որին հրավիրրված է նաև Նիկոլ Փաշինյանը:


