Ողբերգական դեպք՝ Երևանում. բախվել են երեք մեքենաներ, վարորդներից մեկի ինքնազգացողությունը վատացել է․ նա մահացել է
Երեկ՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմաններում Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Հաղթանակ կամուրջ տանող ճանապարհահատվածում բախվել են «Hongqi» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո վարորդները սպասել են, որպեսզի ժամանեն ԱՊՊԱ գործակալները։
Ցավոք, այդ ժամանակ վարորդներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և ահազանգել են Երևանի 103 շտապօգնություն։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ շտապօգնությունը բավականին օպերատիվ է ժամանել, սակայն վարորդի կյանքը փրկել չի հաջողվել. բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Տեղում պարեկներն ու քննիչները պարզել են, որ «Hongqi»-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Վարանցով Ղ.-ն, իսկ մահացածը «Mercedes»-ի վարորդն է՝ Երևանի բնակիչ 49-ամյա Կարեն Հ.-ն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Hongqi»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


