Արարատի մարզում գիշերը կրակոցների հետևանքով կան 10-ից ավելի վիրավորներ
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 9-ին, ծեծկռտուք և արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Դաշտավան բնակավայրի գլխավոր խաչմերուկում ծեծկռտուք է տեղի ունենում։
Դեպքի վայրում համայնքային և քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով քարերի կտորներ, փայտեր, արնանման նամ հետքեր, հողաթափեր, գլխարկներ և այլ իրեր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված վայրից բուժօգնություն ստանալու նպատակով Մասիսի հիվանդանոց են դիմել 10-ից ավելի քաղաքացիներ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ լսել են նաև կրակոցի ձայներ։ Այդ տեղեկությունը ճշտվում է։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։




