Էրեբունու կրակոցների գործով ո՞վ է կալանավորված, ի՞նչ է սպասվում ձերբակալվածներին
Կատարված լայնածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա Ա.Օ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը և կրելը)։ Գրում է armlur.am-ը։
Վ.Գ.-ի, Ա.Մ.-ի և Ս.Մ.-ի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (4 դրվագ) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, նույն եղանակով սպանության փորձ և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը և կրելը)։
Գ.Ս.-ի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալը և պահպանելը)։
Ա.Օ.-ն կալանավորվել է։
Վ.Գ.-ի, Ա.Մ.-ի և Գ.Ս.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան։
Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ պաշտոնական տեղեկության համաձայն՝ հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Մուրացան 109 հասցեում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով կա զոհ։


