Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է
Այսօր հեռուստառադիոհաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանի ծննդյան օրն է: Նա կռադնար 56 տարեկան:
Զառա Արամյանը հայ հեռուստառադիոհաղորդավար, դերասան, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և հայկական մեդիա ոլորտի ամենաճանաչված ներկայացուցիչներից էր։ Տարիների ընթացքում նա նշանակալի ներդրում է ունեցել հայ լրագրության, հեռուստատեսության և մշակութային կյանքի զարգացման գործում՝ արժանանալով մասնագիտական հանրության և հասարակության բարձր գնահատանքին։
Զառա Արամյանը կրթություն է ստացել Երևանի թիվ 30 միջնակարգ դպրոցում։ Լրագրության հանդեպ հետաքրքրությունը դրսևորել է դեռևս դպրոցական տարիներին․ 1981-1985 թվականներին հաճախել է Հ. Ֆուչիկի անվան պատանի լրագրողների դպրոց։ Այնուհետև, 1988-1995 թվականներին, սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում՝ ձեռք բերելով ռուսաց լեզվի և գրականության մանկավարժի ու լրագրողի մասնագիտություններ։
Նրա ամենահայտնի հեղինակային նախագծերից էր «Հյուր Զառայի մոտ» ռադիոհաղորդումը, որը 1996 թվականին տեղափոխվեց հեռուստատեսություն և շարունակվեց «Համով զրույց» անվամբ։ Այս հաղորդաշարը երկար տարիներ մնաց հայ հեռուստադիտողի ամենասիրելի ծրագրերից մեկը, իսկ Զառա Արամյանը շարունակեց այն վարել մինչև կյանքի վերջին տարիները։
2003-2018 թվականներին նա գործունեություն է ծավալել Հայկական Երկրորդ հեռուստաալիքում՝ որպես բազմաթիվ հեռուստանախագծերի հեղինակ և մասնակից։ 1995 թվականից սկսած՝ նրա ստեղծագործական ուղին ընդգրկել է ավելի քան 300 հեռուստանախագիծ։
Իր երկարամյա և բեղմնավոր գործունեության ընթացքում Զառա Արամյանը պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով և պատվոգրերով։ 2014 թվականին նրան շնորհվել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը։ Նա արժանացել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգրի, «Հայուհի 2015» կոչման, ինչպես նաև լրագրության, հեռուստատեսության և մշակույթի ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի համար շնորհված մի շարք այլ պետական ու մասնագիտական պարգևների։
Մասնագիտական հաջողություններին զուգահեռ, Զառա Արամյանը ընտանիքի նվիրված մայր էր։ Նա ամուսնացած էր և ուներ երկու զավակ՝ դուստրը՝ Էլեն Գասպարյանը, և որդին՝ Գուրգեն Գասպարյանը։
Զառա Արամյանը մահացել է հունվարի 17-ին՝ թողնելով հարուստ ստեղծագործական ժառանգություն և հիշատակ հայ հեռուստատեսության ու լրագրության պատմության մեջ։


