Վաղվանից Երևանում ջուրն ամեն օր կանջատվի
Դեռևս փետրվարին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցը, ըստ որի՝ Հայաստանի բնակավայրերի մեծ մասում մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը ջուրը մատակարարվելու էր օրական 17 ժամ՝ 07:00-ից մինչև 24:00-ն։
Այս որոշումը դժգոհության ալիք էր առաջացրել քաղաքացիների շրջանում, իսկ նախընտրական շրջանում բարձրացած աղմուկը իշխանությունները փորձեցին մեղմել։
Մասնավորապես, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր. «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցում փոփոխություն չի լինի»։
Իր հերթին Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը նշել էր, որ «Վեոլիա ջուր»-ի հրապարակած գրաֆիկը կվերանայվի, սակայն նույնիսկ այդ դեպքում 24-ժամյա ջրամատակարարում ապահովել հնարավոր չէ։
«Վեոլիա ջուր» ընկերությունից մեզ տեղեկացրին, որ նոր գրաֆիկով ջրամատակարարման անցումը նախատեսված է հուլիսի 1-ից։
Այսպիսով, վաղվանից՝ հուլիսի 1-ից, առաջիկա 2,5 ամիսների ընթացքում մայրաքաղաքի մեծ մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր ժամանակացույցով։
Նոր գրաֆիկի համաձայն՝ մի շարք վարչական շրջաններում ջուրը կմատակարարվի օրական 17-19 ժամ։
Նոր գրաֆիկը՝ այստեղ։


