ՄամուլՏեսանյութ

Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած առեղծվածային ու ողբերգական հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 29-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ Երևան-Երասխ ավտոճանապարհի Սուրենավան բնակավայրում առեղծվածային դեպքի հետևանքով մահացածների ինքնությունը։ Հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նրանք են Կոտայքի մարզի բնակիչներ 67-ամյա Լևոն Ազատյանը, 69-ամյա Ռոբերտ Ղուկասյանը, 48-ամյա Մուշեղ Մանուկյանը և 50-ամյա Ղազար Ղազարյանը։

Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա էր այրվում։ 

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ փրկարարական վարչության օրվա պատասխանատու Գարիկ Չամուրյանի և հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Զավեն Պողոսյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները, մարելով «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել էին 3 քաղաքացիների կիսամոխրացած մարմիններ։

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ փրկարարները 3-ի մարմինները դուրս բերելուց հետո ևս մեկ կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում