Սարսափելի երկրաշարժեր են գրանցվել, կան բազմաթիվ զոհեր
Վենեսուելայում գրանցվել են երկու հզոր երկրաշարժեր, որոնք տեղի են ունեցել երկրի հյուսիսային և կենտրոնական հատվածներում։
Վենեսուելայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մայրաքաղաք Կարակասում փլուզվել են բնակելի շենքեր և այլ կառույցներ։ Նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը երկրում հայտարարել է արտակարգ դրություն և տեղեկացրել, որ երկրաշարժերի հետևանքով փակվել է Կարակասի օդանավակայանը։ Նրա խոսքով՝ երկու հիմնական ցնցումներից հետո արձանագրվել է շուրջ 20 հետցնցում, հայտնում է Deutsche Welle-ն։
ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) գնահատմամբ՝ տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար մարդ։ Միևնույն ժամանակ, Վենեսուելայի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հրապարակել զոհերի վերաբերյալ տվյալներ։
Առաջին երկրաշարժը՝ 7.2 մագնիտուդով, տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ ժամը 18:00-ին։ Դրա էպիկենտրոնը գտնվել է Մորոն քաղաքից մոտ 28 կիլոմետր արևմուտք՝ Կարիբյան ծովի ափամերձ հատվածում, Կարակասից շուրջ 168 կիլոմետր հեռավորության վրա։
Դրանից մեկ րոպե էլ չանցած գրանցվել է երկրորդ՝ 7.5 մագնիտուդով երկրաշարժը։ Այդ ցնցման էպիկենտրոնը տեղակայված է եղել Մորոնից մոտ 16 կիլոմետր հեռավորության վրա՝ 10 կիլոմետր խորությամբ։
Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելլոն հայտնել է, որ հրշեջ ծառայություններն ու ոստիկանությունը ներգրավված են փրկարարական և վերականգնողական աշխատանքներում՝ օգտագործելով բոլոր հասանելի ռեսուրսները։


