Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մեքենան բախվել է «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին. 28-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Ա. Ն.-ն  իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ի դեպ մոտ 25 րոպե առաջին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում