Մամուլ

Պայթյուն Երևանում․ 1,5-ամյա աղջնակն ու նրա ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան ծնված 1,5 տարեկան աղջիկ է, ով հիվանդանոց է տեղափոխվել Վարդաշեն թաղամասի շենքերից մեկից։

Հիվանդանոցում երեխայի հարազատները հայտնել են, որ իրենց շենքի 5-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն, ապա ծուխ է լցվել, ինչից հետո երեխայի և ընտանիքի անդամների մոտ դիտվել է հազ, թուլություն։

Երեխան նշված բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հոսպիտալացվել է թունաբանական կլինիկա։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ այն բնակարանը, որտեղից երեխան հոսպիտալացվել է, գտնվում է շենքում, որը գազաֆիկացված չէ։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամների ինքնությունը։

Կիսվեք ձեր էջում