Մամուլ

Ահազանգ. որդին պնդում է, որ չի կարողանում տեսակցել մորը. ի՞նչ է կատարվել

ArmLur.am-ի խմբագրություն է դիմել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Արա Հակոբի Կիրակիսյանը, ահազանգելով, որ տևական ժամանակ է՝ չի կարողանում տեսակցել իր մորը՝ Անուշ Ավետիսյանին։

Արա Կիրակոսյանի հարազատների փոխանցմամբ՝ վերջինս մանկուց մեծացել է առանց հոր։ Ըստ նույն աղբյուրի՝ Անուշ Ավետիսյանի մայրը ժամանակին դեմ է եղել դստեր ամուսնությանը և հետագայում միջամտել է ամուսնալուծության գործընթացին։

Ազգականների հավաստմամբ՝ Արա Կիրակոսյանը երբևէ տարաձայնություններ չի ունեցել մոր հետ և մշտապես հետաքրքրվել է նրա վիճակով, սակայն որոշ ժամանակ նրանց միջև կապը կորել է։ Ավելի ուշ, տեղեկանալով, որ մայրը գտնվում է Արմաշի խնամքի կենտրոնում, նա դստեր հետ այցելել է նրան։

Հարազատների խոսքով՝ այդ հանդիպումը ջերմ մթնոլորտում է անցել, և հետագայում տեսակցությունները շարունակական բնույթ են կրել։ Արա Կիրակոսյանը ցանկացել է մորը դուրս գրել խնամքի կենտրոնից և տեղափոխել իր բնակարան, սակայն, նրա պնդմամբ, խնամքի կենտրոնից հայտնել են, որ նման իրավունք ունի միայն այն անձը, որը ներկայացրել և գրանցել է նրան որպես խնամող։

Ըստ հարազատների՝ Անուշ Ավետիսյանին խնամքի կենտրոն է ներկայացրել Ալվարդ Գաբրիելյան անունով մի կին, որը, ինչպես նշվում է, Արայի համար անծանոթ անձ է եղել։ Արա Կիրակոսյանի հարազատների պնդմամբ՝ հետագայում պարզվել է, որ վերջինս հեռավոր բարեկամական կապ ունի ընտանիքի հետ։

Արա Կիրակոսյանի հարազատները նաև պնդում են, որ Ալվարդ Գաբրիելյանը, Անուշ Ավետիսյանին խնամքի կենտրոն տեղափոխելուց հետո, տնօրինել է վերջինիս բնակարանի բանալիները և բնակարանը վարձակալության հանձնել։ Բնակարանը գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոն փողոցի 19 բնակարան 274 հասցեի ներքո։ (Բնակարանի հասցեն հրապարակում ենք հարազատների խնդրանքով)։

Հարազատների խոսքով՝ վերջին շրջանում Արա Կիրակոսյանին հաջողվել է պարզել մոր գտնվելու վայրը և այցելել նրան, սակայն այս անգամ Անուշ Ավետիսյանը հրաժարվել է հանդիպել որդուն և թոռներին։ Ըստ նրանց՝ մոր վերաբերմունքը կտրուկ փոխվել է, ինչը նրանք կապում են երրորդ անձանց ազդեցության հետ։

ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիները կասկած են հայտնում, որ Անուշ Ավետիսյանին պատկանող գույքի նկատմամբ կարող են լինել շահագրգռվածություններ։ Նրանք պնդում են, որ Ալվարդ Գաբրիելյանի գործողությունների նպատակը կարող է լինել բնակարանի տնօրինումն ու դրանից եկամուտ ստանալը։

Նշենք, որ գործի առնչությամբ ներկայումս ընթանում է դատական գործընթաց։

ArmLur.am-ը պատրաստ է հրապարակել նաև մյուս կողմի պարզաբանումներն ու դիրքորոշումը։

Կիսվեք ձեր էջում