Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ վրաերթի է ենթարկվել հետիոտն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Ռազմիկ Ղ.-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի «Մառան» ռեստորանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Ղևոնդ Մ.-ին։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։
Մինչ տարածքը սահմանազատել էին պարեկները, «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արմավիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Տեսանյութը՝ ստորև․


