Կրակոցներ Էջմիածնում․ տուժածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է
ArmLur.am-ին էջմիածնում տեղի ունեցած միջադեպից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, վիճաբանողների մեջ է եղել գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ նախկին դատավոր Նաիրա Գրիգորյանի որդին՝ Սեյրան Արտակի Պողոսյանը։
Նա հիվանդանոցում է և նրան են վնասվածքներ հասցրել։
ՆԳՆ-ից հայտնում են, որ Վաղարշապատում տեղի ունեցած խուլիգանության դեպքի շրջանակում հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող մեկնարկային ատրճանակը։
Գերատեսչության տվյալներով՝ մայիսի 14-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել Էջմիածնի 15-ամյա բնակիչ։
Դեպքի առթիվ օպերատիվ գործողություններ են իրականացրել համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին են տեղափոխվել Էջմիածնի 18-ամյա երկու բնակիչներ։
Պարզվել է, որ վիճաբանության ընթացքում Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչը դանակահարել է անչափահասին, իսկ մյուս մասնակիցներից մեկը մեկնարկային ատրճանակով կրակել է օդ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։ Իրավապահները շարունակում են միջոցառումները՝ դեպքի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։



