ՄամուլՏեսանյութ

ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբայրը ձերբակալված է․ Չարենցավանի դատարանի ծեծկռտուքի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ArmLur.am-ը գրում է․ «2025 թվականի նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում սպանություն էր տեղի ունեցել: 2 անձ հարձակվել էին 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա, դանակի հարվածներ հասցրել, ինչի հետեւանքով նա սպանվել էր։ Սպանված Սարգիս Զեյնալյանը ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն էր:

Վերջինիս սպանությունը խորը արմատներ ուներ: Բանն այն է, որ սպանություն կատարողի եւ սպանվածի միջեւ ամիսներ առաջ կոնֆլիկտ էր տեղի ունեցել, որից հետո նրանք հանդիպել էին ու արդյունքում հանդիպումը ճակատագրական եղավ Սարգիս Զեյնալյանի համար:

Երեկ Չարենցավանի դատարանում տեղի է ունեցել այս աղմկահարույց գործով առաջին դատական նիստ, ինչ արդյունքում դատարանում սպանվածի հարազատների եւ մեղադրյալների միջեւ վեճ է տեղի ունեցել, սկսվել է ծեծկռտուք, վիրավորվել են դատական կարգադրիչներ, իրավապահները շտապել են Չարենցավանի դատարան, շտապօգնություն են կանչել, քանի որ ծեծկռտուքի արդյունքում դատական կարգադրիչներից մեկը ստացել է գլխի շրջանում վնասվածք:

Ոստիկանության ծառայողները կանխել են միջադեպը, 31 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։ Այս մասին հայտնել էին ՆԳՆ–ից՝ անդրադառնալով Չարենցավանի դատարանում տեղի ունեցած միջադեպին:

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվածների մեջ է ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբայրը, սպանված Սարգիս Զեյնալյանի քեռին ու ընկերները։ Վերջիններիս դեռ ազատ չեն արձակել»:

Մանրամասները՝ տեսանյութում․

Կիսվեք ձեր էջում